Լոս Անջելեսում Ադրբեջանական հյոպատոսության առջև հայ համայնքի նախաձեռնած խաղաղ բողոքի ակցիան ադրբեջանցիները փորձեցին խափանել: Հայտնվեցին մի քանի հոգով, իրենց երկրի դրոշներով, նկարներով, փորձեցին կռիվ հրահրել։ Լոս Անջելեսի ոստիկանությունը ժամանակին արձագանքեց։ Հայ համայնքը շարունակեց բողոքի ցույցը, որին դիմացի մայթից հետևում էին հասցեատերերի փոքաթիվ ներկայացուցիչները։
Ադրբեջանցիները նախ հավաքվել էին իրենց երկրի գլխավոր հուպատոսության շենքի մուտքի մոտ և հոխորտում էին իրենց լեզվով։ Երբ նրանց կատարները սկսեցին տաքանալ, ոստիկանությունը հեռացրեց դեպի դիմացի մայթ, որտեղից նրանք մի քանի ժամ հետևում էին հայ համայնքի ցույցին։ Հայ երիտասարդները նույնպես նրանց ուղեկցեցին հեռու իրենց իսկ հյուպատոսության առջևից։
Ուիլշեր պողոտայի երթևեկը մի պահ կաթվածահար եղավ: Ոստիկանները փակեցին պողոտան՝ մինչև կրքերը խաղաղվեն։ Նրանք պատվարել էր պողոտայի աջ ու ձախ մայթերը՝ սադրանքները կանխելու համար։
Ադրբեջանի հյուպատոսության առջև հայ համայնքի թիվը կտրուկ աճեց: Եկան նույնիսկ նրանք, ովքեր չէին պլանավորել։ Պողոտան լիքն էր նաև հայկական եռագույն կրող ավտոմեքենաներով։ Հայերը եկան՝ ադրբեջանցիներին ասելու՝ հայաշատ համայնքում ադրբեջանական սադրիչ վարքը դատապարտված է։ Իրենց քաղաքական ղեկավարության ոճով կարգախոսներն անպատասխան չմնացին:
Բողոքի ցույցի լարված մթնոլորտը հայ երիտասարդները լիցքաթափում էին հայկական երգ ու պարով:
Հավաքի բանախոսները փաստեցին, որ Լոս ԱՆջելեսում ադրբեջանցիները դիմեցին իրենց սովորական հնարքներին։
Րաֆֆի Համբարյան, Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի ղեկավար - Այս նույն հնարքները նրանք՝ Ալիևն ու իր շրջապատը, օգտագործում են ամեն տեղ՝ Վաշինգտոնւմ, Լոս Անջելեսում, Նյու Յորքում, Միջին Արևելքում: Սա կեղտոտ հնարքների շարքից է, նրանք կձախողվեն, ինչպես ձախողվել են Արցախը նվաճելու գործում։
Էնթոնի Փորթանթինո, Կալիֆոռնիայի նահանգային սենատի անդամ - Այստեղ եմ, քանի որ հայերն աջակցության կարիք ունեն՝ և՛ հայերի և՛ ոչ հայերի կողմից։ Հարձակումները շարունակվում են, սակայն մարդիկ պիտի խաղաղ ապրեն, և միջազգային համայնքը պիտի դեմ կանգնի դրան: Այստեղ եմ՝ աջակցելու. հայերեն շատ չգիտեմ, բայց գիտեմ անվախ բառը։ Այսօր այստեղ եմ՝ անվախ մարդկանց սատարելու։
Մի քանի ժամ անարդյունք կանգնելուց հետո ադրբեջանցիների նոսրացած խումբը որոշեց հեռանալ։ Բայց ադրբեջանցին ադրբեջանցի չէ առանց նենգության: Հեռանալիս ինչ-որ առարկայով նրանցից մեկը հարվածեց երիտասարդ հայ աղջկա դեմքին։ Հայերն արձագանքեցին, և տեղի ունեցավ բախում։ Երկու կողմում էլ եղան թեթև տուժածներ:
ադրբեջանցիների սադրանքն իրենց իսկ դեմ շուռ եկավ: Նրանք փախան իրենց հյուպատոսության շենքի տարածքից, իսկ հայ երիտասարդների հետ սադրած բախումից հեռացան առանց դրոշների: Հայ երիտասարդները կատակում էին՝ նրանք ևս մեկ դիրք կորցրին անփառունակ պարտությամբ: