Միացյալ Նահանգների Ներկայացուցիչների պալատն ընդունել է Թուրքիայի դեմ պատժամիջոցներ կիրառելու մասին օրենքը՝ կապված ռուսական Ս-400 հրթիռային համակարգերի գնման հետ: Դա Անկարայի դեմ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին ավելի կոշտ քաղաքականության դրդելու վերջին քայլն է, հաղորդում է Al-Monitor-ը:
Ներկայացուցիչների պալատի օրենսդիրները ձայների 295 կողմ, 125 դեմ հարաբերությամբ ընդունել են փոփոխությունները, որոնք ներկայացրել էին հանրապետական և դեմոկրատական կուսակցությունների անդամներ Ադամ Քինզինգերն ու Աբիգեյլ Սփանբերգերը:
Հրապարակման մեջ նշվում է, որ ՆԱՏՕ-ի դաշնակիցների՝ Թուրքիայի և ԱՄՆ-ի միջև տարաձայնություններն առաջացել են Անկարայի կողմից ռուսական Ս-400-ի գնման պատճառով: Ըստ Վաշինգտոնի՝ դա անհամատեղելի է դաշինքի պաշտպանական համակարգերի հետ:
Միացյալ Նահանգները դադարեցրել է նաև 100 F-35 ինքնաթիռների մատակարարումը Թուրքիային և այդ երկրին դուրս է հանել հինգերորդ սերնդի կործանիչներ արտադրելու ծրագրից, երբ Անկարան անցած հուլիսին ստացավ ռուսական Ս-400 դասի հրթիռային համակարգերի առաջին խմբաքանակը: Սակայն Թրամփը ձեռնպահ մնաց Անկարայի նկատմամբ կոշտ պատժամիջոցներ կիրառելուց:
Ի դեպ, Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ջիմ Ռիշն էլ նմանատիպ փոփոխություն է մտցրել Վերին պալատի պաշտպանության օրինագծում, ինչը Թրամփի վարչակազմին հնարավորություն է տալիս օրինագծի ընդունումից 30 օրվա ընթացքում պատժամիջոցներ կիրառել Թուրքիայի նկատմամբ: