Հյուսթոնում Չինաստանի գլխավոր հյուպատոսության բակում սկսել են այրվել մի քանի աղբարկղեր, որոնք, ենթադրաբար, լցված են տարբեր փաստաթղթերով: Դեպքի վայրից կադրերը տեղադրվել են Breaking 911-ի Twitter-ի էջում:
Business Insider-ը նշում է, որ դա տեղի է ունեցել դեսպանատան փակման մասին ԱՄՆ իշխանությունների պահանջից գրեթե անմիջապես հետո: Միացյալ Նահանգները պահանջել է 72 ժամվա ընթացքում փակել Չինաստանի գլխավոր հյուպատոսությունը Հյուսթոնում: Չինաստանի արտգործնախարարությունը որոշումը անվանել է քաղաքական սադրանք և միջազգային իրավունքի ու չին-ամերիկյան հյուպատոսական համաձայնագրի լուրջ խախտում: Պեկինը կոչ է արել շտկել սխալը և փոխել որոշումը, հակառակ դեպքում Չինաստանը կդիմի պատասխան քայլերի: Ըստ ականատեսների, հրշեջներին ու ոստիկանությանը թույլ չեն տվել մտնել հյուպատոսության շենք, իսկ տարածքում այրվող թղթի հոտ է տարածվել:
Հայտնի է, որ Հյուսթոնի հյուպատոսությունը ԱՄՆ-ում Չինաստանի վեց դիվանագիտական ներկայացուցչություններից մեկն է: Մյուսները տեղակայված են Վաշինգտոնում, Նյու Յորքում, Չիկագոյում, Լոս Անջելեսում և Սան Ֆրանցիսկոյում: