Արցախում նոր տիպի կորոնավիրուսի (COVID-19) տնտեսական հետևանքների չեզոքացմանն ուղղված միջոցառումների շրջանակում առաջին փուլի արդյունքներով հարկային մարմին է դիմել 1645 տնտեսվարող սուբյեկտ, որից բավարարվել է 1447-ի հայտը, «Արցախ/Տեղեկատվական շտաբում» կայացած առցանց ասուլիսի ժամանակ ասել է ԱՀ ՊԵԿ նախագահի տեղակալ Արմինե Մուսայելյանը: Խոսքը վերաբերում է միանվագ դրամաշնորհի և միանվագ դրամական օգնության տրամադրման ծրագրերին:
Ծրագրերը մեկնարկել են մայիսի 18-ից և ուղղված են եղել կորոնավիրուսից առավելապես տուժած ոլորտներին, այդ թվում՝ զբոսաշրջային և հյուրանոցային ծառայություններին, հանրային սննդի կազմակերպություններին, վարսավիրական ծառայությունների կազմակերպմանը, ուղևորափոխադրում իրականացնող կազմակերպություններին, մասնավոր մանկապարտեզներին, ստեղծագործական կենտրոններին, հանգստի և զվարճանքի օբյեկտների կազմակերպման գործունեություն իրականացնողներին և մանրածախ առևտրին՝ մի շարք բացառություններով: Ընդհանուր առմամբ, առաջին փուլի արդյունքներով հատկացվել է 76 միլիոն 718 հազար դրամ: