Սահմանադրական մարմինները մոտ ապագայում պետք է ներկայացնեն բարձր դատարանի դատավորների թեկնածուներին: Լրագրողների հետ ճեպազրույցում տեղեկացրեց արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը: Առաջադրումների համար իրավասու մարմիններն ունեն Սահամադրությամբ սահմանված երկու ամիս ժամկետ:
Հունիսի 30-ին խորհրդարանի ընդունած «Սահմանադրական դատարանի մասին» օրենքի փոփոխությունները հանրապետության նախագահը հրաժարվել էր ստորագրել: Արմեն Սարգսյանն օրենքը ստորագրելու համար ուներ 21-օրյա ժամկետ, որից հետո իրավասությունն անցնում է Ազգային Ժողովի նախագահին: Արդեն այսօր Արարատ Միրզոյանը հայտնեց՝ փոփոխությունների փաթեթը ստորագրել է: Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ տեղեկացրեց՝ օրենքն այսօր կմտնի ուժի մեջ, առաջիկայում կընտրվեն ՍԴ 3 նոր դատավոր:
Հունիսի 22-ին ընդունված սահմանադրական փոփոխություններով բարձր դատարանի ինը դատավորից երեքի՝ Հրանտ Նազարյանի, Ֆելիքս Թոխյանի և Ալվինա Գյուլումյանի լիազորությունները համարվում են դադարեցված, Հրայր Թովմասյանն էլ այլևս ՍԴ նախագահ չէ: Արդեն մեկ ամիս է բարձր ատյանում նիստեր չեն անցկացվում, դատավորներից երկուսը՝ Հրայր Թովմասյանն ու Արևիկ Պետրոսյանը, արձակուրդում են, քվորում չկա. արդյոք սա չէ՞ իրական ճգնաժամը: Լուրերի հարցին ի պատասխան՝ Արդարադատության նախարարը պարզաբանեց՝ ստեղծված իրավիճակի պատճառն օրենքի փոփոխությունը չէ, դատավորների արձակուրդն է:
Օրենքում արված փոփոխություններով՝ ՍԴ դատավորների թափուր տեղերի առաջադրումների հերթականությունը ևս փոխվել է: Առաջադրում կատարելու լիազորությունն առաջինը վերապահվել է կառավարությանը, ապա Հանրապետության նախագահին, այնուհետև դատավորների ընդհանուր ժողովին: Կառավարությունը թեև թեկնածու չունի, բայց կան ձևավորված սկզբուքներ, թե ինչպիսի պետք է լինի բարձր ատյանի դատավորը, շեշտեց արդարադատության նախարարը:
Երեք դատավորի հեռանալուց հետո մամուլում որոշ անուններ են շրջանառվում, օրինակ՝ Արդարադատության նախկին նախարար Հովհաննես Մանուկյանի, նախկին ՄԻՊ Կարեն Անդրեասյանի և արդարադատության նախկին նախարար Արտակ Զեյնալյանի հնարավոր թեկնածությունները: Արդյոք կառավարության թեկնածուն այս շրջանակից է, Բադասյանը որևէ անուն չի տալիս: Արդարադատության նախարարը վստահեցրեց՝ առաջիկայում ՍԴ կազմը կհամալրվի և կսկսի բնականոն աշխատանքը: