Ճանապարհաշինական ևս մեկ երկար սպասված ու Սևան համայնքի համար կենսական նշանակություն ունեցող ծրագիր այս տարի կյանքի կկոչվի: Ծրագիրն ընդգրկված է Հայաստանի Հանրապետության ու Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև կնքված «Կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավման ծրագրի երկրորդ լրացուցիչ ֆինանսավորում» վարկային համաձայնագրի շրջանակներում: Այս մասին հայտնում է Սևանի քաղաքապետարանը:
«Ծրագրի շրջանակներում, ի թիվս հանրապետության 12 ճանապարհների, կվերականգնվի Մ-4 Ցամաքաբերդ-Գոմաձոր 6,3 կմ-ոց ճանապարհահատվածը։ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության «Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ-ը Կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավման ծրագրի երկրորդ լրացուցիչ ֆինանսավորում ծրագրի շրջանակներում դեռևս մայիս ամսին հայտարարել էր Մ4-Սևան-Ախթամար համալիր-Մ4 5.3 կմ երկարությամբ ավտոճանապարհի վերականգնման մրցույթ։
Աշխատանքները ներառում են գոյություն ունեցող ենթահիմքի քանդում և նոր ենթահիմքի կառուցում, նոր խճային հիմքի կառուցում, հարթեցնող շերտի տեղադրում, ասֆալտբետոնե շերտի տեղադրում, ջրահեռացում, ճանապարհային անվտանգության ապահովման և այլ աշխատանքներ։ Աշխատանքները պետք է ավարտվեն 8 ամսվա ընթացքում։
Արդեն հայտնի են մրցույթի արդյունքները: Համաձայն ընթացակարգի` մրցույթի արդյունքների վերաբերյալ փաթեթն ուղարկվել է Համաշխարհային բանկ` այն հաստատելու համար, որից հետո կկնքվի պայմանագիր կապալառու կազմակերպության հետ:
Չնայած տարաբնույթ խոսակցություններին ու կանխատեսումներին` Ցամաքաբերդ-Գոմաձոր ճանապարհահատվածի վերանորոգման շինարարական աշխատանքները շուտով մեկնարկելու են, և դա այլևս իրողություն է»,- գրված է հայտարարությունում: