«Մարտի 1»-ի գործով տուժող Սերգեյ Եղիազարյանի ներկայացուցիչ Էդուարդ Ասլանյանը դատարանին ներկայացրեց դատախազներին բացարկ հայտնելու միջնորդություն:
Նա հայտարարեց, որ այս քրեական գործով մեղադրանքը պաշտպանող դատախազները չեն կարող մասնակցել քրեական գործի քննությանը և պետք է հեռացվեն վարույթից:
Ասլանյանը պարզաբանեց, որ բացարկի անհրաժեշտություն է առաջացել, քանի որ գործի նյութերում բացակայում են 2008-ի մարտի 1-2-ին Երևանում տեղի ունեցած դեպքերի պատճառով տուժող Սերգեյ Եղիազարյանի ցուցմունքների արձանագրությունները, դատաբժշկական փորձաքննության եզրակացությունը և այլն: Նրա խոսքով՝ որպես տուժող կողմ՝ Եղիազարյանը զրկված է եղել գործի նյութերին և փաստաթղթերին ծանոթանալուց:
Ասլանյանը նշեց, որ ներկայացված խախտումների հետևանքով Եղիազարյանը զրկվել է որպես 2008-ի մարտի 1-2-ը տուժած անձ, աջակցություն ստանալու հնարավորությունից:
Նա նաև ընդգծեց, որ տուժող Եղիազարյանի համար սահմանափակվել է սույն գործով քաղաքացիական հայց ներկայացնելու և վնասի հատուցման պահանջ ներկայացնելու հնարավորությունը:
Էդ.Ասլանյանի խոսքով՝ տուժողի ավտոմեքենային հասցված վնասի փաստով դատաապրանքագիտական փորձաքննություն չի նշանակվել, դա դատախազի կողմից չի դիտվել որպես խախտում:
Տուժողի ներկայացուցիչը հայտարարեց, որ դատախազների կողմից անկանխակալ վերաբերմունք է ցուցաբերվել, ուստի դատարանին հորդորեց հեռացնել վարույթից դատախազներ Գևորգ Բաղդասարյանին և Պետրոս Պետրոսյանին:
Միջնորդությանը միացան «Մարտի 1»-ի գործով ամբաստանյալների պաշտպանները:
Դատախազ Պետրոս Պետրոսյանը նշեց, որ միջնորդությունն իր մեջ հակասություններ է պարունակում: «Ասում է՝ մենք ի՞նչ գործ ունենք որպես տուժող, որևէ վնաս չենք կրել, բայց պահանջ ունենք»,- ասաց նա՝ հավելելով, որ դատախազները հատուցում տվող չեն, բոլոր տուժողները, որոնք ունեն համապատասխան կարգավիճակ, հատուցում են ստացել ԱԺ ընդունած համապատասխան օրենքով:
Դատախազ Գևորգ Բաղդասարյանի խոսքով՝ տուժողի ներկայացուցչի ներկայացված միջնորդությունը կասկածի տակ դրեց, թե տուժողը և նրան ներկայացնող անձն իրականում ինչ շահեր են հետապնդում: Նա ասաց, որ այս միջնորդությունը, մեղմ ասած, հիմնավոր չէ:
Դատարանը հեռացավ խորհրդակացական սենյակ՝ միջնորդության վերաբերյալ որոշում կայացնելու: Որոշումը կհրապարակվի այսօր՝ 17.50-ին: