Հուլիսի 21-ին ոստիկանության պետ Վահե Ղազարյանը տեսակապի միջոցով զրույց է ունեցել Հայաստանում Եվրամիության դեսպան Անդրեա Վիկտորինի հետ:
Տիկին դեսպանը, ողջունելով Վահե Ղազարյանին, շնորհավորել է ոստիկանության պետի պատասխանատու պաշտոնում նշանակվելու կապակցությամբ: Անդրեա Վիկտորինը շնորհակալություն է հայտնել ոստիկանությանը` համավարակի դեմ իրավապահների գերազանց ծառայության համար: Նա նաև անդրադարձել է ԵՄ-ՀՀ ոստիկանություն համագործակցությանը: Խոսվել է, մասնավորապես, Եվրոպական միության ԹԱՅԵՔՍ և Արևելյան գործընկերության ծրագրերի շրջանակներում արդյունավետ համագործակցության մասին, ինչպես և ներկայացվել են նախատեսվող ծրագրերը։
Վահե Ղազարյանը, ողջունելով դեսպանին, կարևորել է սերտ համագործակցությունը և շնորհակալություն հայտնել մինչ այս ցուցաբերված աջակցության համար, որն ուղղվել է նոր ստեղծվելիք պարեկային ծառայության և օպերատիվ կառավարման կենտրոնի աշխատանքներին:
Քննարկվել են նաև Եվրոպոլի հետ համագործակցություն ձևավորելու ուղղությամբ տարվող աշխատանքները, ինչպես և համավարակի դեմ պայքարի համատեքստում՝ Հայաստանում ընտանեկան բռնության դեմ պայքարի ուղղությամբ տարվող աշխատանքները:
Անդրեա Վիկտորինը հաջողություն է մաղթել ոստիկանությանը՝ համավարակի դեմ պայքարում:
Քննարկվել են Եվրամիություն-ոստիկանություն համագործակցությանը վերաբերող այլ հարցեր ևս: