Մեծամորի ԱԷԿ-ին հարված հասցնելու վերաբերյալ Ադրբեջանի ՊՆ մամուլի խոսնակի հայտարարությունն Ադրբեջանում չեն կարողանում «մարսել»: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է քաղաքագետ Նարեկ Մինասյանը:
«Մի կողմից միջազգային մամուլի բացասական արձագանքը, մյուս կողմից` հայ դիվանագետների կողմից տվյալ խնդրի հետևողական բարձրաձայնումը միջազգային շրջանակներում, Ադրբեջանին դրել են բավական բարդ դրության մեջ:
Իրավիճակը փրկելու համար ադրբեջանական իշխանությունները նախ սկսեցին բացատրել, թե իբր այդ հայտարարությունը եղել է ի պատասխան Մինգեչաուրի ջրամբարին հարված հասցնելու հայկական կողմի կոչերի:
Այս կեղծ թեզը, սակայն, չաշխատեց, քանզի հայկական կողմից որևէ պաշտոնյա նման հարված հացնելու որևէ հայտարարությամբ կամ կոչով հանես չի եկել: Փորձագիտական մակարդակով ամենատարբեր կոչեր լինում են, սակայն փորձագիտական կարծիքն ու պաշտոնական հայտարարությունն ուղղակի անհամեմատելի են:
Գիտակցելով, որ շրջանառության մեջ դրված թեզը հնարավոր չէ որևէ կերպ ապացուցել` այսօր Ադրբեջանի արտաքին քաղաքականության համակարգողներից մեկը` Ադրբեջանի նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության հարցերի բաժնի ղեկավար Հիքմեթ Հաջիևը, արել է մեկ այլ մտքի փայլատակում. «Ադրբեջանի դիրքորոշումը Մեծամորի ԱԷԿ-ի հետ կապված չի արտահայտում պաշտոնական դիրքորոշումը»: Թարգմանչական սխալ չկա, պարզապես պաշտոնական ևս մեկ անհեթեթություն է:
Հաջիևը, կարծես թե, փորձում է ասել, որ Ադրբեջանի ՊՆ մամուլի խոսնակը պատերազմական իրավիճակում ռելիզով ԶԼՄ-ներին տրամադրել է իր անձնական կարծիքը և ոչ թե պաշտոնական դիրքորոշումը: Նման աբսուրդային մեկնաբանությունը թերևս կարող է գրանցվել Գինեսի ռեկորդների գրքում` որպես դարի «ամենաանհեթեթ պարզաբանում»:
Բաքվի այս հայտարարությունները միմիայն վկայում են ներսում առկա խնդիրների և ԱԷԿ-ի թեմայով նրա վրա աճող միջազգային ճնշման մասին»,- գրել է նա: