«Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը հուլիսի 20-ին հանրային մուլտիպլեքսի սլոթերի մրցույթ է հայտարարել»,- տեղեկացրել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Թևոսյանը:
«Ներկայացված պահանջներից կարելի է հասկանալ, որ մրցույթը հայտարարվել է գործող օրենքի պայմաններով, այլ ոչ թե վերջերս երկրորդ ընթերցմամբ ընդունված «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի: Ինչու՞ էինք հապա այդքան շտապում, եթե միևնույն է գործող օրենքով պետք է մրցույթ հայտարարվեր, ի՞նչ է իրականում տեղի ունեցել, ու ինչ է տեղի ունենալու հաջորդիվ:
Բանն այն է, որ գործող օրենքով մրցույթները պետք է հայտարարվեին հենց հուլիսի 20-ին, ինչը և ՀՌՀ-ն արել է որպես օրենքի պահանջ, քանի որ նոր օրենքը դեռ ուժի մեջ չի մտել: Մենք կանխատեսել էինք նման ելքը, և անցումային դրույթներում տվել ենք այս խնդրի լուծումը:
Նոր օրենքի անցումային դրույթներով նախատեսվում է, որ եթե օրենքն ուժի մեջ մտնելու պահին արդեն կան հայտարարված մրցույթներ, բայց հայտերը դեռ չեն քվեարկվել, այդ մրցույթը չեղյալ է հայտարարվելու, և նոր մրցույթ է հայտարարվելու արդեն նոր օրենքի պայմաններով:
Այսինքն՝ «Տեսալսողական մեդիայի» մասին օրենքն ուժի մեջ մտնելու հաջորդ օրը (սպասում է Հանրապետության նախագահի ստորագրմանն ու հրապարակմանը), այս մրցույթը չեղյալ է հայտարարվելու: Նոր մրցույթը հայտարարվելու է սեպտեմբերին արդեն նոր օրենքի պայմաններով: Բայց ՀՌՀ-ն օրենք չէր կարող խախտել, ըստ այդմ գործող օրենքով, երեկ, հայտարարել է մրցույթ»,- տեղեկացրել է Թևոսյանը: