Հայաստանում հիմնվում է տարածաշրջանի ամենաբարձրադիր և զառիթափ արդյունաբերական նշանակության խաղողի այգին՝ տեղեկացնում են Վայոց ձորի «Մարան» ընկերությունից, որն Արտաբույնք գյուղում՝ ծովի մակերևույթից 2050-2070 մ բարձրության վրա հիմնում է խաղողի այգի։
Այգին մշակվելու է օրգանիկ տեխնոլոգիաներով և ամբողջությամբ համապատասխանելու է կենսաբազմազանության պահպանման սկզբունքներին։
Նախագիծն իրականացվում է Միջազգային զարգացման գործակալության ֆինանսավորմամբ և CARD հիմնադրամի «Գյուղական տնտեսական զարգացում - նոր տնտեսական հնարավորություններ» ծրագրի աջակցությամբ, Հայաստանի զարգացման և ներդրումների կորպորացիայի կողմից տրամադրվող վարկի միջոցով։ Սա նախադեպը չունեցող նորարարական ծրագիր է, որը կարևոր նշանակություն ունի խաղողագործության ու գինեգործության ոլորտում այսօր առկա բազմաթիվ մարտահրավերների ու հատկապես` կլիմայական գլոբալ փոփոխությունների համատեքստում:
Գլոբալ տաքացումն անխուսափելիորեն անդրադառնում է ոլորտի հետագա զարգացման վրա, ստիպում արմատապես վերանայել առկա ռեսուրսները: Մասնավորապես՝ հաշվարկները ցույց են տալիս, որ առաջիկա 20-30 տարում Արարատյան գոգավորությունը կդառնա ոչ պիտանի որակյալ խաղողագործության, առավել ևս` գինեգործության համար: Միևնույն ժամանակ հանրապետությունում ունենք հազարավոր հեկտարներ բարձրադիր, սակավ օգտագործվող հողային ֆոնդ։ Սա նշանակում է, որ պետք է հենց այսօր սկսել մտածել խաղողը դեպի լեռներ տանելու, բարձրլեռնային խաղողագործության և գինեգործության կայուն և երկարատև զարգացման մասին։ Ճիշտ մեկնարկի պարագայում մեկ-երկու տասնամյակ հետո կունենանք գիտաարտադրական հարուստ փորձ, զարգացման հստակ նախանշված ուղղություններ և դրանց իրականացման մեթոդներ:
Այս ամենն առաջին հերթին վերաբերում է սորտային կազմին, ջերմակուտակիչ և սակավաջուր ագրոտեխնոլոգիաներին, բարդ և զառիթափ ռելիեֆի օգտագործմանը և իհարկե` գինեգործական ուղղություններին:
Ծրագրի հետազոտական մասը մեկնարկել է տարեսկզբին, հիմնվել է տեղածին սորտերի տնկարան: Ներկայում իրականացվում են տարածքի տեղաձևման աշխատանքներ: