Տնտեսագիտական համալսարանի ռեկտորի ընտրության հարցը արդեն տևական ժամանակ է ձգձվում էր: Ռեկտորի նախկին պաշտոնակատարի հայցադիմումի հիմքով դատարանը կասեցրել էր ռեկտորի ընտրությունը: Հուլիսի 17-ը վճռորոշ էր. բուհի խորհուրդը այդ պաշտոնում ընտրեց նախկին պրոռեկտոր, որոշ ժամանակ ռեկտորի պաշտոնակատար Դիանա Գալոյանին: Ըստ Ռուբեն Հայրապետյանի՝ ռեկտորի ընտրության գործընթացը օրենքի խախտումներով է եղել.
Ռուբեն Հայրապետյան, ՀՊՏՀ ռեկտորի նախկին պաշտոնակատար - «Ռեկտորի ընտրության մրցույթը կազմակերպվել է ապoրինի անդամներով՝ նախարարության իմացությամբ: Նույն նպատակով տնտեսագիտական համալսարանում ուսանողների փաստացի ռեկետ է իրականացվել»:
Հայրապետյանն ասում է՝ բուհի խորհրդի անդամներից շատերն օրենքի խախտումով են հայտնվել խորհրդի կազմում։ Օրինակ բերում՝ ութ ուսանողից չորսն ավարտել է համալսարանը և ընտրության պահին մագիստրատուրայում հրամանագրված չի եղել, խորհրդի անդամներից չորսն էլ պետական պաշտոն չի զբաղեցրել, մինչդեռ օրենքով պարտադիր է.
Ռուբեն Հայրապետյան, ՀՊՏՀ ռեկտորի նախկին պաշտոնակատար - «Դասախոսը, որ պետք է ընտրվեր գիտական խորհրդի նիստով՝ ըստ կառավարության որոշման, գիտական խորհրդի նիստ տեղի չի ունեցել և ինքն առանց գիտական խորհրդի նիստի է անցել: Նման մի շարք խախտումներ, որոնց հետևանքով խորհրդի շուրջ կեսն ապoրինի է, անօրինական է»:
Ռուբեն Հայրապետյանը նաև դատական հայց էր ներկայացրել իր ատենախոսությունը քննած հանձնաժողովի, ԿԳՄՍՆ-ի ու ԲՈԿ-ի դեմ և հաղթել դատը՝ բարոյական վնասի հատուցման իրավունքով: Տնտեսագիտականի ռեկտորի թեկնածու, բուհի մյուս նախկին ժամանակավոր պաշտոնակատար Դիանա Գալոյանի դոկտորական ատենախոսությունը ևս բարձրագույն որակավորման հանձնաժողովը համարել էր անվավեր՝ նշելով՝ դրանց մեջ առանց հեղինակների և աղբյուրների նշման փոխառություններ կան: Գալոյանը հակադարձում է՝ անվավեր համարել է, ոչ թե ԲՈԿ-ը, այլ ԲՈԿ նախագահ Սմբատ Գոգյանը:
Դիանա Գալոյան, ՀՊՏՀ ռեկտորի թեկնածու - «Ես ամսի 15-ին նախարարություն բողոք եմ ներկայացրել ոչ թե Գոգյանի գործողություններին որպես վարչական ակտի, այլ որպես վարչական գործողության նկատմամբ և նախարարությունը տեղեկացրել է պարոն Գոգյանին, որ առկա է բողոք, չնայած նրան, որ ես անձամբ եմ տարել, մուտք եմ արել և խնդրել եմ կասեցնել գործընթացը, իսկ եթե չի կասեցնում խնդրել եմ նաև բացատրի»:
Դիանա Գալոյանը վստահեցնում է՝ եթե գործընթացը չկասեցվի, իրենք կհանդիպեն դատարանում: 300 էջ ծավալով աշխատանքում Գալոյանը տրամաբանական է համարում մի քանի վրիպակները.
Դիանա Գալոյան, ՀՊՏՀ ռեկտորի թեկնածու - «Իմ ատենախոսությունը ստուգելու համար նախարարի համապատասխան հրամանով ստեղծվել է հանձնաժողով, որն արձանագրել է, որ մի քանի տեղերում ես վրիպել եմ հղումները դնելուց, ինչը ես ինքս ընդունում եմ»:
Գալոյանը հաստատեց՝ խորհրդի որոշումը կասեցնելու մասին գրավոր խնդրանք է ուղարկել նախարարություն, բայց առանց խորհրդի իմացության:
Դիանա Գալոյան, ՀՊՏՀ ռեկտորի թեկնածու - «Այո, ուղարկել եմ գրություն՝ խնդրելով այս պահին ընթացք չտալ, որովհետև արդեն իսկ ՊՈԱԿ մրցույթ էր հայտարարված, սակայն նախարարությունից պատասխան եմ ստացել, որ այդ գործընթացը կասեցված է եղել դեռևս դեկտեմբեր ամսին»:
Ռուբեն Հայրապետյանը բուհի ռեկտորի մրցույթի ապօրինությունների խնդրով դիմել է դատարան, սակայն հայցը վերացվել է՝ առանց ծանուցումը հայցվոր կողմին ուղարկելու: Առաջին ատյանի դատարանը որոշման մեջ նշել է՝ Հայրապետյանը չի կարող հայցը բողոքարկել վերաքննիչ դատարանում: Ռեկտորի նախկին պաշտոնակատարը այն աբսուրդ է որակում, ասում՝ գնալու է մինչև վերջ:
Ռուբեն Հայրապետյան, ՀՊՏՀ ռեկտորի նախկին պաշտոնակատար - «Հուլիսի 15-ին մրցույթից երկու օր առաջ, բայց պարզվում է՝ մրցույթից մեկ օր առաջ, այսինքն արգելանքը դնելուց մեկ օր հետո ֆանտաստիկ, չլսված աներևակայելի իրավունքին ոչ հայտնի մեխանիզմներով արգելանքը, այսինքն՝ հայցի ապահովման միջոցը վերացվում է դատարանի կողմից»:
Հայրապետյանը վստահեցնում է՝ ինքը ռեկտորի պաշտոնի համար հիմա չի պայքարում, նաև արձանագրում՝ արդեն մեկ տարի է բուհում չի դասավանդում, Գալոյանն էլ պարզաբանում է՝
գիտական խորհուրդը դեմ է քվեարկել, որ Հայրապետյանը բուհում դասաժամեր ունենա: