Այսօր ելույթ եմ ունեցել ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի նախագահի գրասենյակի և Կանանց առաջխաղացման և գենդերային հավասարության մարմնի (UN-Women) կողմից կազմակերպված կանանց հարցերով համաշխարհային չորրորդ համաժողովի 25-ամյակին նվիրված առցանց միջոցառմանը` «Գենդերային հավասարության առաջնորդների միջև երկխոսություն» հատվածում: Այս մասին Ֆեյսբուքի էջում գրել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը:
«Անդրադարձել եմ նաև անցյալ շաբաթ հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած ռազմական գործողություններին և միջազգային հանրության ուշադրությունը հրավիրել դրանց հետևանքով տուժող քաղաքացիների և հատկապես կանանց խնդիրներին:
Այս օրերին Հայաստանը, ինչպես աշխարհի մյուս երկրները, պայքարում է համավարակի դեմ։ Կին բուժաշխատողների մասնակցությունը, նրանց փորձի վրա հիմնված առաջարկներն անգնահատելի են ընդհանուր պայքարի համատեքստում։
Ցավոք, վերջին օրերին Հայաստանի քաղաքացիների օրակարգում է ևս մեկ հարց՝ Ադրբեջանի կողմից հայ-ադրբեջանական սահմանին հրադադարի ռեժիմի խախտումը։ Հայաստանի սահմանամերձ գործարաններից մեկը, որն օրական արտադրում է երեք հարյուր հազար դիմակ, օրեր առաջ հրետակոծվեց։
Դժվարին այս իրավիճակում դիմակ արտադրող կանանց և այն բուժաշխատող կանանց, որոնց համար դիմակների առկայությունը կենսական է, ձայնը պետք է լսելի լինի ոչ միայն Հայաստանի ներսում, այլ նաև միջազգային ասպարեզում։ Չէ՞ որ, երբ որոշում կայացնողները լսում են ռազմական գործողությունների արդյունքում տուժող կանանց ձայնը, չեն կարող շեղվել խաղաղության օրակարգից»,- գրել է Բաթոյանը: