ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի գլխավորված պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա են եղել նաև նախարարի տեղակալներ Արթուր Մարտիրոսյանը, Ժաննա Անդրեասյանը և Արայիկ Խզմալյանը:
Հանդիպման սկզբում նախարար Ա.Հարությունյանը հայտնել է, որ նախորդ օրն այցելել է Տավուշի մարզ՝ հակառակորդի հրետակոծության հետևանքով տուժած դպրոցներ և մանկապարտեզներ: Նա ընդգծել է՝ անթույլատրելի և դատապարտելի են ադրբեջանական զինված ուժերի ագրեսիվ գործողությունները, որոնք թիրախավորում են քաղաքացիական օբյեկտները, մասնավորապես՝ ուսումնական հաստատությունները: Նախարարը նաև իրազեկել է, որ անցած շաբաթ նույնաբովանդակ նամակներ են ուղղվել միջազգային կառույցներին:
Դեսպան Ս.Կոպիրկինը, համամիտ լինելով նախարարի հետ, ընդգծել է, որ հակամարտության գոտում դպրոցներն ու մանկապարտեզները, ինչպես նաև քաղաքացիական մյուս հաստատությունները, չեն կարող թիրախավորվել:
Կողմերն արձանագրել են, որ ավարտվել է միջպետական ծրագրի շրջանակում 2020-21 ուսումնական տարում ՌԴ բուհեր ՀՀ քաղաքացիների ընդունելության մրցույթը: Հայտ է ներկայացրել 300 դիմորդ, իսկ կրթաթոշակների թիվը կազմել է 210: Նախատեսվում է հատկացնել լրացուցիչ ևս 20 տեղ: ՌԴ դեսպանի խոսքով՝ արդեն մշակվել են տարրական դասարաններում ռուսաց լեզվի դասավանդման ուսումնամեթոդական նյութեր, որոնք հասանելի են լինելու նաև Հայաստանում աշխատող մանկավարժների համար: Նա ներկայացրել է Հայաստանում ռուսաց լեզվի դեսպանների գործունեության նոր նախաձեռնությունը, կարևորել հաջորդ ամիս մեկնարկող ռուսաց լեզվի ուսուցիչների վերապատրաստման ծրագիրը:
Նախարար Արայիկ Հարությունյանը խոսել է Ռուսաստանի Դաշնության հայաշատ համայնքներում հայոց լեզվի՝ որպես պարտադիր առարկայի ուսուցման հարցի կարևորության մասին: Նա ներկայացրել է Հանրակրթության պետական չափորոշչի, առարկայական չափորոշիչների և ծրագրերի մշակման ընթացքը և իրազեկել, որ նոր չափորոշչով ռուսաց լեզվի դասավանդումը կկազմակերպվի երկրորդ դասարանից:
Նախարարության պատասխանատուները նշել են, որ այս պահին ձևավորված աշխատանքային խումբը նաև կմշակի կրթության, գիտության և մշակույթի ոլորտներում հայ-ռուսական համագործակցության ճանապարհային քարտեզը:
Հանդիպման ավարտին կողմերն անդրադարձել են այս տարի աշնանը ԿԳՄՍ նախարարի՝ Ռուսաստանի Դաշնություն կատարելիք աշխատանքային այցի ժամկետներին և օրակարգին և քննարկել ԿԳՄՍ նախարարության համակարգման ոլորտներում հայ-ռուսական օրակարգի այլ հարցեր: