Ռուսաստանցի հայտնի տնտեսագետ, Գլոբալիզացիայի խնդիրների ինստիտուտի հիմնադիր Միխայիլ Դելյագինը յութուբյան իր ալիքում անդրադարձել է հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի սրմանը կորոնավիրուսի համավարակի օրերին, երբ աշխարհը միահամուռ պայքարում է անտեսանելի վիրուս-թշնամու դեմ:
«Սա եզակի երևույթ է: Նախևառաջ այն տարածքային առումով ոչ մի կերպ կապված չէ Արցախի հետ: Երկրորդ՝ դա բավականին երկար տևեց և բավականին կորուստներով էր: Բավական է միայն նշել, որ ադրբեջանական կողմից զոհվեց երկրի պաշտպանության նախարարի տեղակալը: Ես այնքան էլ չեմ հասկանում, թե դա ինչպես է հնարավոր, բայց փաստը մնում է փաստ: Եվ ամենակարևորը՝ մեր մասին չի հիշատակվում այս հակամարտության և մարտական գործողությունների քննարկման ժամանակ»,-նշում է փորձագետը:
Դելյագինի կարծիքով՝ մարտական գործողությունների պատճառը պետք է փնտրել Թուրքիայի ներքին քաղաքականության մեջ:
«Էրդողանին պետք է բարձրացնել սեփական հեղինակությունը, սակայն չկա մի բան, որով կարող է պարծենալ: Տնտեսական վիճակը երկրում շատ-շատ ծանր է: Դրանում միայն Էրդողանին մեղադրել պետք չէ, քանի որ դա ամբողջ աշխարհի խնդիրն է: Ներքին քաղաքական ճակատում Էրդողանը միավորներ չի կարող վաստակել, նա դա լավ հասկանում է, դրա համար էլ փորձեց միավորներ վաստակել արտաքին քաղաքական ճակատում, բայց չհաջողեց»,- նշում է Դելյագինը: Նա հիշեցրել է փետրվարին Թուրքիայի խնդիրները Սիրիայի ու Լիբիայի հետ, նաև այն, որ Անկարան Քրդստանում ունեցել է ցավոտ կորուստներ, որոնց չի անդրադառնում մարտավարական առումով: Ըստ Դելյագինի՝ Էրդողանը փորձել է Թուրքիայի կրոնական հատվածից միավորներ կորզել՝ Այա Սոֆիան թանգարանից մզկիթի վերածելով:
Նա հիշեցրել է, որ թանգարանը մզկիթի վերածելով՝ էրդողանը ոչ թե արհամարհում է ուղղափառ քրիստոնյաներին, այդ թվում՝ ռուսներին, այլև արհամարհում է Աթաթուրքին, ով Այա Սոֆիան մզկիթից վերածել էր թանգարանի, ու Կոստանդնուպոլսի հոգևորականներին, որոնք «վաճառել են ուղղափառությունը»:
«Փետրվարին, երբ մեր ուժերը ստիպված էին Թուրքիային իր տեղը դնել Իդլիբում, ոչ միայն Էրդողանի օգնականն էր հիստերիա բարձրացրել, այլև դրանից հետո Ադրբեջանը կրակել էր Հայաստանի ուղղությամբ: Եթե այն ժամանակ այդպես եղավ, շատ հավանական է, որ ներկայիս մարտական գործողություններն ու իրավիճակի սրումը սահմանին կապված են Թուրքիայի գործողությունների հետ»,- նշել է Դելյագինը: