Վարդուհի Բալյան (լրագրող) - Վերջին օրերին հայ-ադրբեջանական սահմանի հակամարտությունների հետ կապված՝ Թուրքիայի պաշտոնական դիրքորոշումը բացահայտորեն հակահայկական էր, որն իր ազդեցությունն ունեցավ նաև Ստամբուլի հայկական համայնքի վրա։ Ինչպե՞ս են համայնքի ներկայացուցիչները գնահատում Թուրքիայի կոշտ քաղաքականությունը և Թուրքիայի դերը հայ-ադրբեջանական խնդրում։
Էդվարդ Տանձիկյան («Ակօս» շաբաթաթերթի գլխավոր խմբագիր) - Հարկ է նշել, որ ամբողջ աշխարհը հանդարտություն կոչ կընե, միայն Թուրքիան «Ադրբեջանի քովն ենք, ինչ պետք է՝ կընենք, հայերուն հարձակումներ՝ խոսքով»։ Սա հարկ է նշել, քանի որ հինգ տարիե ի վեր Թուրքիան, ավելի ճիշտ է ըսել՝ Էրդողանը, ազգային շարժումի հետ դաշնակցություն հիմնադրեց և ամբողջ ազգայնական շարժումների մեջ է։ Ադրբեջանի և Հայաստանի միջև եղած խնդրում էլ աչքերը գոցելով՝ Ադրբեջանի կողքը եղավ։ Վախնամ, որ միայն խոսքով չի մնա, և Թուրքիան Ադրբեջան մտնելու համար, նոր ուժով վերադառնալու համար, արդեն կա այնտեղ, բայց որպես զինվորական ուժ վերադառնալու համար, կարծեմ առիթ կփնտրեր և այս առիթը գտավ։ Հետևաբար, կկարծեմ, որ այսուհետ Թուրքիային տեսնելու ենք Ադրբեջանում, այդպես կերևի։ Եվ աս Կովկասում հավասարակշռությունը կրնա փոխել։
Տանձիկյանը լավատես չէ մոտ ապագայում հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցում։
Էդվարդ Տանձիկյան - Մթնոլորտը Հայաստան-Թուրքիա հարաբերությունների տեսակետեն շատ լավ չէ։ Բայց միայն Հայաստանի հետ չէ, Հունաստանի հետ ալ շատ լավ չեն Թուրքիայի հարաբերությունները։ Սիրիայի հետ ալ լավ չէ, ինչպես գիտեք։ Հետևաբար սրանից տասը տարի առաջ Թուրքիայի, Էրդողանի ԱԶԿ-ի նախարարները դրացիների հետ զրո խնդրի կոչ կընեին։ Հիմա բոլոր դրացիներու հետ խնդիր կա։ Ինչպես ըսի՝ ասոնք ազգայնական ձգտումների արդյունքներն են։ Եվ չեմ կարծեր, որ առաջիկա մեկ-երկու տարիների ընթացքում Հայաստանի հետ լավ հարաբերություն հիմնվի։ Լավ հարաբերությունները մեկ կողմ թողնենք, ավելի վատ չըլլա։
Բագրատ Էստուկյանը կարծում է, որ Թուրքիայի կառավարական շրջանակների հայտարարությունները մտորելու տեղիք են տալիս, սակայն վստահ է, որ լուրջ սպառնալիք չկա։
Բագրատ Էստուկյան («Ակօս» շաբաթաթերթի հայերեն էջերի խմբագիր) - Որպես հասարակություն, որպես մարդ՝ կարող ենք լուրջ չընկալել։ Բայց որպես պետական պատասխանատվություն վերցրած անձինք՝ ստիպված ենք լուրջ վերաբերվել։ Որովհետև այդ հայտարարությունները փողոցի մարդիկ չեն ըրել, այլ իշխանության որոշ ներկայացուցիչներ՝ հանրապետության նախագահ, պաշտպանության նախարար, արտգործնախարար։ Եվ այդ հայտարարություններն անպատասխան թողնելը կարելի չէ։ Հետևաբար, մեր պետական մարդիկ ալ ստիպված են համապատասխան փոխադարձ արտահայտություններն ընելու և արդեն իսկ կընեն։
Էստուկյանը վստահ է՝ որևէ լուրջ բան չի լինի, քանի որ Հայաստանն այսօր հզոր և պատրաստված բանակ ունի, և այդ բանակը հայ ժողովրդի անվտանգության երաշխավորն է։