Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Դանիբեկյանը որոշեց մերժել «Մարտի 1»-ի գործով տուժող ճանաչված Սերգեյ Եղիազարյանի ներկայացուցիչ Էդուարդ Ասլանյանի միջնորդությունը:
Հիշեցնենք՝ Ասլանյանը այսօր բացարկի միջնորդություն էր ներկայացրել մեղադրող կողմին՝ դատախազներ Պետրոս Պետրոսյանին և Գևորգ Բաղդասարյանին, պատճառաբանելով, թե իր վստահորդի նկատմամբ թույլ են տրվել քրեադատավարական խախտումներ: Միջնորդությանը միացել էին «Մարտի 1»-ի գործով ամբաստանյալների պաշտպանները:
Իսկ գործով և տուժող, և մեղադրող կողմերն առարկել էին՝ համարելով այն «մեղմ ասած՝ անհիմն»: Դատախազ Գևորգ Բաղդասարյանն ընդգծել էր, որ տուժողի ներկայացուցչի ներկայացրած միջնորդությունը կասկածի տակ դրեց, թե տուժողը և նրան ներկայացնող անձն իրականում ինչ շահեր են հետապնդում:
Դատական նիստը աշխատանքային ժամի ավարտով պայմանավորված հետաձգվեց: Հաջորդ դատական նիստը նշանակվել է հուլիսի 28-ին: