Արտաշատի ԲԿ-ն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է ոստիկանության հաղորդագրությանը՝ հերքելով նորածնի վաճառքի վերաբերյալ լուրը:
«Հաղորդագրությունում նշվում է՝ «Բերքանուշ գյուղի բնակչուհու հետ տարված բացատրական աշխատանքի շնորհիվ պարզվեց, որ արտաամուսնական կապից հղիանալուց հետո նա Արտաշատի բժշկական կենտրոնի բժշկուհիներից մեկի հետ ձեռք է բերել պայմանավորվածություն, համաձայն որի՝ ծննդաբերությունից հետո, նույն բժշկական կենտրոնի մանկաբարձուհու օժանդակությամբ, երեխային 2000 դոլարի դիմաց հանձնել երևանաբնակ ամուսինների։
Պայմանավորվածության համաձայն՝ ծննդաբերությունից հետո՝ հուլիսի 13-ին, բժշկական կենտրոնի մոտ կինը նորածին երեխային հանձնել է երևանցի մի կնոջ, որը նրան վճարել է 50 000 դրամ»:
Բացի այն, որ իրավական ու բարոյական տեսանկյուններից դատապարտելի և մեզ համար պարզապես անընդունելի է երեխաների վաճառքով զբաղվելը, ուզում ենք նշել, որ ցավալի այս դեպքը չէր կարող տեղի ունենալ մեր կենտրոնում նախ այն պարզ պատճառով, որ Արտաշատի բազմապրոֆիլ բժշկական կենտրոնը մարտի 31-ից վերապրոֆիլավորվել է ինֆեկցիոն կենտրոնի և սպասարկում է բացառապես կորոնավիրուսային հիվանդությամբ ախտորոշված պացիենտներին, հետևաբար մարտի 31-ից մեր կենտրոնում ծննդօգնություն ծառայություն չի տրամադրվել, իսկ հաղորդագրության մեջ նշվում է, որ ծննդաբերությունը տեղի է ունեցել հուլիսի 13-ին:
Հարկ ենք համարում նաև ընդգծել՝ եթե նույնիսկ մեր կենտրոնում եղած լիներ ծննդաբերությունը, Արտաշատի ԲԿ-ում մերժելի են ու պարզապես բացառվում են այսօրինակ բոլոր երևույթները։
Ցավում ենք դեպքի առթիվ և դատապարտում ենք նմանատիպ բոլոր արարքները։ Համոզված ենք, որ փաստի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը կտա բոլոր հարցերի պատասխանը»,-ասված է ԲԿ պարզաբանման մեջ:
Հիշեցնենք՝ այսօր ոստիկանությունը հաղորդագրություն էր տարածել՝ տեղեկացնելով, որ Արտաշատի բաժնի և քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողները համատեղ ձեռնարկած միջոցառումներով նորածին երեխայի վաճառքի դեպք են բացահայտել։