«Մարտի 1»-ի գործով հերթական դատական նիստին մեղադրող կողմն առարկություն ներկայացրեց ամբաստանյալների պաշտպանների ներկայացրած միջնորդությանը:
Նշենք՝ նախորդ նիստի ժամանակ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների պաշտպանները միջնորդել էին դատարանում հարցաքննության համար վկաների ցուցակում մի շարք անձանց ներառել, մասնավորապես՝ ՍԴ անդամների և ԱԺ նախկին պատգամավորների:
Մեղադրող Պետրոս Պետրոսյանի խոսքով՝ պաշտպանների կողմից հիմնավորումներ չհնչեցին՝ ինչու պետք է դատակոչի ցուցակը լրացվի, մյուս կողմից, ըստ նրա, դատարանը որևէ ապացույց չհետազոտած՝ որևէ կանխակալ դրսևորում չի կարող կիրառել և որոշել՝ կան արդյոք գործով տվյալներ, որոնք լրացուցիչ բացահայտման անհրաժեշտություն ունեն: «Ուստի դատակոչի ցուցակի լրացման միջնորդությունը քննվել չի կարող, այդ միջնորդությունը պետք է թողնել առանց քննության»,- ասաց նա:
Դատախազ Գևորգ Բաղդասարյանը նշեց, թե քանի որ հրապարակված չէ գործի մեղադրական եզրակացության եզրափակիչ մասը, հասկանալի չէ՝ ի՞նչ պատճառով են հարցաքննվելու նշված անձինք: «Արդյոք գործում առկա ապացույցները բավարար չե՞ն այդ հանգամանքների առկայությունը կամ բացակայությունը փաստելու համար: Կարծում եմ՝ այդ անձանց դատարան հրավիրելու հարցը կարող է քննարկվել հետագա փուլերում»,- ասաց մեղադրողը: