ՀՀ նախագահի մամուլի գրասենյակից տեղեկացնում են, որ հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հյուրընկալել է գերմանացի բուժաշխատողների թիմին, որը Հայաստանում է՝ օգնելու հայ գործընկերներին կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարում և փոխանցելու իր փորձը: Հանդիպմանը մասնակցել են նաև ՀՀ առողջապահության նախարարի առաջին տեղակալ Անահիտ Ավանեսյանը, Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Աշոտ Սմբատյանը, Հայաստանում ԳԴՀ արտակարգ և լիազոր դեսպան Միխայել Բանցհաֆը:
Նախագահ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել բուժաշխատողներին՝ իրենց առաքելության համար, նշելով, որ համավարակը գլոբալ ողբերգություն է, որը հաղթահարելու միայն մեկ ուղի կա՝ գլոբալ պայքար մղել համավարակի դեմ: «Մենք բոլորս պետք է համախմբենք մեր ջանքերը այդ պայքարում: Այս առումով շատ կարևոր է ձեր օգնությունն ու աջակցությունը,- ասել է նախագահը: - Օգտվելով այս հնարավորությունից՝ ցանկանում եմ նաև շնորհակալությունս հայտնել Գերմանիայի ժողովրդին, իմ լավ բարեկամներ, նախագահ Շտայնմայերին և կանցլեր Մերկելին»:
Նախագահ Սարգսյանը բոլորին հրավիրել է համավարակից հետո ընտանիքների, ընկերների հետ այցելել Հայաստան: «Ուզում եմ ձեզ հետ տանեք այն սերն ու գնահատանքը, որ կտեսնեք Հայաստանում, ու պահպանեք Հայաստանի և Գերմանիայի միջև բարեկամությունը»,- ասել է հանրապետության նախագահը:
Հայաստանում Գերմանիայի դեսպան Միխայել Բանցհաֆը, շնորհակալություն հայտնելով հյուրընկալության համար, նշել է, որ Գերմանիան համավարակը համարում է գլոբալ մարտահրավեր, և իրենց թիմն այստեղ է՝ աջակցելու այն հաղթահարելու ջանքերին: Դեսպանի խոսքով՝ այս այցը կնպաստի նաև երկու երկրների միջև բժշկական ոլորտում երկարատև համագործակցության հաստատմանը: