Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի հաղորդմամբ՝ 2020 թ․ երկրորդ եռամսյակը լրատվամիջոցների գործունեության համար շարունակել է մնալ բարդ ժամանակաշրջան՝ պայմանավորված կորոնավիրուսի չնահանջող համաճարակով և ներքաղաքական լարված իրավիճակով։ Արձանագրվել են ինչպես տարատեսակ ճնշումներ ու լրագրողական գործունեության խոչընդոտումներ, այնպես էլ ֆիզիկական բռնություններ, ինչը չկար նախորդ եռամսյակում։
Կոմիտեն գրանցել է ֆիզիկական բռնության 2 դեպք, որոնց ժամանակ տուժել է առնվազն 6 լրագրող։ Դրանք տեղի են ունեցել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության կազմակերպած ակցիաների ժամանակ։ Լրագրողական կազմակերպություններն այս առիթով հանդես են եկել դատապարտող հայտարարությամբ՝ ուղղված ոստիկանությանը, որից հետո դեպքի առնչությամբ ծառայողական քննություն է նշանակվել, և նյութերն ուղարկվել են Հատուկ քննչական ծառայություն։
Ինչ վերաբերում է կորոնավիրուսային համաճարակով պայմանավորված արտակարգ դրության ժամանակ լրագրողական գործունեության սահմանափակումներին, որոնք մտցվել էին առաջին եռամսյակում և գրաքննության էին նմանվում, երկրորդ եռամսյակի սկզբում հանվել են։ Այնուամենայնիվ, ԽԱՊԿ-ը գրանցել է 1 դեպք, երբ ոստիկանությունը վարչական վարույթ է հարուցել լրատվամիջոցի նկատմամբ՝ կորոնավիրուսային թեմայով հրապարակման առնչությամբ։
Ընդհանուր առմամբ, ըստ կոմիտեի, դիտարկվող ժամանակահատվածում ԶԼՄ-ների և դրանց աշխատակիցների նկատմամբ տարատեսակ ճնշումների թիվը 34 է, լրատվամիջոցների ներգրավվածությամբ նոր դատական գործերի քանակը՝ 23: Մեկ դեպքում լրագրողը դիմել է դատարան՝ տեղեկություն ստանալու իրավունքի խախտման առնչությամբ, իսկ 22 հայց ներկայացված է ընդդեմ լրատվամիջոցների՝ Քաղաքացիական օրենսգրքի 1087.1 հոդվածով նախատեսված՝ վիրավորանքի և զրպարտության հիմքով։ Սա 10-ով ավելի է նախորդ եռամսյակի տվյալներից։
Դիտարկվող ժամանակաշրջանում իշխանությունները սոցցանցերի միջոցով ամենօրյա ուղիղ կապի մեջ են եղել հանրության հետ, իսկ երկրի վարչապետը մայիսի 16-ին տվել է նաև իր հերթական 5-ժամանոց ասուլիսը՝ պատասխանելով շուրջ 70 հարցի։ Այդուհանդերձ, պետական մարմինների պաշտոնական տեղեկատվությունը ոչ միշտ է ժամանակին և ամբողջական հասանելի լինում լրատվամիջոցներին, ինչը հարուցում է վերջիններիս դժգոհությունը։
Երկրորդ եռամսյակի ընթացքում ԽԱՊԿ-ը գրանցել է տեղեկություն ստանալու և տարածելու իրավունքի խախտումների 26 դեպք։
«Ֆրիդոմ հաուզ» և «Լրագրողներ առանց սահմանների» միջազգային կազմակերպություններն իրենց զեկույցներում, թեև հաստատել են խոսքի ազատության բարվոք մակարդակը հետհեղափոխական Հայաստանում, սակայն տագնապալի են համարել լրատվական դաշտի բևեռացվածությունը և ԶԼՄ-ների ու լրագրողների դեմ ներկայացվող հայցերի թվի աճի միտումը։ Ըստ այս կազմակերպությունների գնահատականների՝ Հայաստանում լրատվամիջոցները զերծ են պետական վերահսկողությունից, սակայն կախման մեջ են իրենց սեփականատերերից։
Դիտարկվող ժամանակաշրջանում Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց «Տեսալսողական մեդիայի մասին» նոր օրենքի նախագիծը, որն արժանացել է Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի, Երևանի մամուլի ակումբի, Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի սուր քննադատությանը, քանի որ միտված չէ ոլորտում բարեփոխումներ իրականացնելուն և չի նպաստելու առկա խնդիրները լուծելուն։ Ու թեև ԽԱՊԿ-ն ու գործընկեր կազմակերպությունները օրինագծի հեղինակներին մի քանի տասնյակ լրացումների ու փոփոխությունների առաջարկություններ են ներկայացրել, այդուհանդերձ համարում են, որ փաստաթուղթը հայեցակարգային վերափոխման կարիք ունի։