Ոչ մի տեղ առանց դիմակի: Կորոնավիրուսի երկրորդ ալիքի մտավախության պատճառով այսօրվանից Ֆրանսիայում խստացվել են հակահամաճարակային միջոցառումները: Դիմակ կրելը պարտադիր է դարձել հասարակական բոլոր փակ վայրերում, ներառյալ՝ երկաթուղային կայարանները և օդանավակայանները, բանկերը և փոստային բաժանմունքները, խանութները և տաճարները: Խախտողներին սպառնում է 135 եվրո տուգանք:
Հուլիսի 14-ին Բաստիլի օրվա կապակցությամբ տված հարցազրույցում նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ երկրում կորոնավիրուսի վերադարձի նշաններ կան, բայց իշխանությունը, նրա խոսքով, պատրաստ է դրան:
Վերջին օրերին COVID-19-ի ախտանշանով հիվանդների համար շտապօգնության կանչերն ավելացել են: Միայն անցած շաբաթվա ընթացքում հոսպիտալացվել է ավելի քան 600 մարդ, որից 70-ը այժմ գտնվում են ինտենսիվ թերապիայի բաժանմունքներում: Անցած օրվա ընթացքում 14 հիվանդ է մահացել: