Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի նախագահությամբ Կառավարությունում կայացել է ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի և ՀՀ-ԵՄ Գործընկերության առաջնայնություններ փաստաթղթի կիրարկումն ապահովող միջոցառումները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը՝ տեղեկացնում են Կառավարության լրատվական վարչությունից։
Նիստի ընթացքում միջգերատեսչական հանձնաժողովի անդամները շարունակել են նախորդ նիստի քննարկումները, որոնք վերաբերում էին 2020 թ. համար վերջնաժամկետ սահմանված՝ տրանսպորտի ոլորտին առնչվող միջոցառումներին: Օրակարգում ընդգրկված էր նաև շրջակա միջավայրի ոլորտում նույն ժամկետում նախատեսված միջոցառումների ընթացքի մասին զեկույցը:
Զեկույցներով հանդես են եկել շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Իրինա Ղափլանյանը և տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանը:
Շրջակա միջավայրի ոլորտում իրականացվող միջոցառումներից մասնավորապես քննարկվել է «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի մշակման ընթացքը, ինչպես նաև դրա ընդունման արդյունքում ՇՄԱԳ ոլորտում սպասվող փոփոխությունները:
Տրանսպորտի ոլորտի միջացառումների քննարկման ընթացքում հատուկ անդրադարձ է կատարվել միջպետական փոխադրումների ոլորտը կանոնակարգող օրենսդրության փոփոխությունների իրականացմանը, որոնց արդյունքում ՀՀ օրենսդրությունը կհամապատասխանեցվի միջազգային օրենսդրության պահանջներին, ինչն էլ կնպաստի միջպետական փոխադրումների ընթացքում անվտանգության բարձրացմանը: