Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել Սերգեյ Ֆուրգալին Խաբարովսկի երկրամասի ղեկավարի պաշտոնից ազատելու մասին՝ վստահության կորստի պատճառաբանությամբ:
Ֆուրգալը ձերբակալվել էր սպանության փորձ կատարելու և սպանություններ պատվիրելու համար: Այս մասին հայտնում է РИА Новости- ն:
Նախագահ Պուտինի հրամանագրով Խաբարովսկի երկրամասի նահանգապետի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Պետդումայի ֆիզիկական կուլտուրայի, սպորտի, տուրիզմի և երիտասարդության հարցերի հանձնաժողովի ղեկավար Միխայիլ Դեգտյարյովը, որը դարձյալ Լիբերալ-դեմոկրատական կուսակցությունից է: Ռուսաստանի Դաշնության ԿԸՀ-ից հաղորդել են, որ Խաբարովսկի երկրամասի նահանգապետի արտահերթ ընտրությունները տեղի կունենան 2021 թվականի սեպտեմբերին:
Լիբերալ-դեմոկրատական կուսակցության ղեկավար Ժիրինովսկին հայտարարել է, որ երախտապարտ է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին Խաբարովսկի երկրամասը կուսակցության ենթակայության տակ պահելու համար, բայց և նշել է, որ կշարունակի Սերգեյ Ֆուրգալին ներկայացված մեղադրանքներից ազատելուն ուղղված պայքարը: