ՎԶԵԲ Գործարարության աջակցման հայաստանյան գրասենյակից տեղեկացնում են, որ Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության Լավ կառավարման հիմնադրամը (Good Governance Fund - GGF) աջակցելու է Հայաստանում ՎԶԵԲ-ի օժանդակությամբ գործող՝ Գործարարության աջակցման գրասենյակի (ԳԱԳ) գործառնություններին։ Լավ կառավարման հիմնադրամը նաև կօգնի Գործարարության աջակցման գրասենյակին առաջ տանել մի շարք նպատակային գործողություններ, որոնք ուղղված են հայաստանյան ՓՄՁ-ների համար COVID-19-ի տնտեսական հետևանքների մեղմմանը:
Գործարարության աջակցման գրասենյակը հարթակ է ստեղծում Հայաստանի Հանրապետության Կառավարության և մասնավոր հատվածի միջև քաղաքական երկխոսություն վարելու համար, ինչպես նաև տրամադրում է տնտեսական և իրավաբանական փորձագիտություն՝ խթանելու ավելի բարենպաստ ներդրումային միջավայր, որտեղ մասնավոր հատվածը կարող է բարգավաճել։ ԳԱԳ-ը առանցքային դեր է խաղում՝ օգնելով Հայաստանի Կառավարությանը ձևավորել գործարարությանն աջակցող տնտեսական քաղաքականության արձագանք COVID-19 համաճարակի պայմաններում՝ սերտորեն համագործակցելով բիզնես համայնքի ներկայացուցիչների հետ:
Գործարարության աջակցման գրասենյակի գործողությունները, որոնց նպատակն է օգնել Հայաստանի մասնավոր հատվածին հաղթահարել COVID-19-ի ֆինանսական և գործառնական հետևանքները, ներառում են. տարածաշրջանային գյուղատնտեսական կենտրոնի փորձնականացում (պիլոտային ծրագիր)` արտադրողների և գնորդների միջև կապերի ամրապնդման նպատակով, աջակցություն ՓՄՁ-ներին իրենց բիզնես մոդելների ադապտացման գործում և Ներդրումների աջակցման գործակալության հետ համատեղ հայկական ստարտափների համար զարգացման վաղ փուլի ֆինանսավորման հիմնադրամի (seed fund) ստեղծում։
Մինչ օրս Գործարարության աջակցման գրասենյակը ֆինանսավորում է ստացել ՎԶԵԲ-ի՝ Բաժնետերերի հատուկ հիմնադրամից (SSF)։
ԳԱԳ-ը համագործակցում է ՀՀ էկոնոմիկայի նախարարության և Ներդրումների աջակցման կենտրոնի հետ` պարզելու բիզնեսի և ներդրողների առջև ծառացած հիմնական մարտահրավերները՝ միաժամանակ ձևավորելով անհրաժեշտ բարեփոխումներ՝ այդ մարտահրավերները հաղթահարելու նպատակով:
«Մենք երախտապարտ ենք մեր գործընկեր Գործարարության աջակցման գրասենյակին, ինչպես նաև Երևանում Բրիտանական դեսպանատան մեր գործընկերներին այս կարևոր նախաձեռնությանը սատարելու համար: ՎԶԵԲ-ը հավատարիմ է իր հանձնառությանը՝ աջակցելու Հայաստանի բարեփոխումների օրակարգին և սատարելու կառավարության և մասնավոր հատվածի միջև արդյունավետ երկխոսությանը: Տնտեսության իրական հատվածը արդյունավետորեն գործող պետության հիմնասյուն է, և ներդրումային լավ մթնոլորտը շարունակում է էական նշանակություն ունենալ մասնավոր հատվածի հետագա զարգացման և տնտեսական աճի համար»,- ասել է Հայաստանում ՎԶԵԲ-ի ղեկավար Դիմիտրի Գվինդաձեն:
Հայաստանում Միացյալ Թագավորության գործերի ժամանակավոր հավատարմատար՝ դեսպան Դեյվիդ Մորանն ասել է․ «Միացյալ Թագավորությունն ուրախ է իր Լավ կառավարման հիմնադրամի միջոցով աջակցել Գործարարության աջակցման գրասենյակին: Դա կօգնի ՀՀ Կառավարությանն իր աշխատանքներում՝ ուղղված Հայաստանի ներդրումային ներուժի զարգացմանը, ներդրողների վստահության ամրապնդմանը և COVID-19-ի տնտեսական հետևանքների հաղթահարմանը»:
Էկոնոմիկայի փոխնախարար Նաիրա Մարգարյանն ասել է․ «Գործարարության աջակցման գրասենյակը հաջողությամբ կատարում է իր դերը պետական-մասնավոր երկխոսության ձևավորման և իրականացման գործում, հայ գործարար համայնքին աջակցություն և փորձագիտություն է տրամադրում բարեփոխումների ծրագրերի մշակման գործում, և այս գործընթացում ԳԱԳ-ը նախարարության հիմնական գործընկերն է: Մեր համագործակցությունն արդյունավետ է, և մենք նախատեսում ենք ավելի շատ համատեղ ծրագրեր: Մենք ուրախ ենք լսել, որ Միացյալ Թագավորության կառավարությունը իր՝ Լավ կառավարման հիմնադրամի միջոցով աջակցելու է գրասենյակին՝ ապահովելով ֆինանսավորման շարունակականությունը, և դա կհանգեցնի նոր հնարավորությունների, որտեղ մենք կհամագործակցենք և ավելի շատ համատեղ նախաձեռնություններ կիրականացնենք»։
Գործարարության աջակցման գրասենյակի մասին
Գործարարության աջակցման գրասենյակը, որը հիմնադրվել է 2007 թվականին ՎԶԵԲ-ի ֆինանսավորմամբ, ղեկավարում է պետական-մասնավոր երկխոսության հարթակը՝ ՀՀ Կառավարության և Հայաստանի էկոնոմիկայի նախարարության հովանու ներքո:
ՎԶԵԲ-ը Հայաստանում առաջատար ներդրող է և համատեղում է ներդրումները բարեփոխումների աջակցության հետ՝ սատարելով այն բարեփոխումներին, որոնք օգնում են բարելավել գործարար միջավայրը և ներդրումներ մոբիլիզացնել այլ աղբյուրներից: Մինչ օրս Բանկը Հայաստանում ներդրել է մինչև 1,4 միլիարդ եվրո՝ ընդհանուր առմամբ 183 ծրագրերի միջոցով: