Այսօրվանից ընդունելության քննությունից դրական միավոր ստացած, սակայն մրցույթից դուրս մնացած դիմորդները կարող են մասնակցել թափուր տեղերի մրցույթին՝ տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից։
Դիմորդները մասնագիտությունների նշումով նոր դիմում-հայտը կարող են Գնահատման և թեստավորման կենտրոն ուղարկել էլեկտրոնային (առցանց) եղանակով՝ dimord.am կայքի համապատասխան բաժնում, հուլիսի 20-ից մինչև հուլիսի 22-ը՝ ժամը 18:00-ն: Դիմորդները ընդունելության դիմում-հայտում իրենց ընտրությամբ և ցանկացած հաջորդականությամբ հայտագրում են թափուր տեղեր ունեցող մասնագիտությունները: Համաձայն ընդունելության դիմում-հայտի՝ դիմորդը կարող է մասնակցել մեկ կամ մի քանի բուհերի վճարովի մասնագիտությունների թափուր տեղերի մրցույթին՝
• եթե ընտրած մասնագիտության համար պահանջվող ընդունելության մրցութային քննությունից ունի դրական միավոր.
• եթե դրական միավորով քննությունը տվյալ մասնագիտության համար ընդունելության մրցութային քննությունը չէ, բայց ընդգրկված է տվյալ մասնագիտության քննությունների ցանկում:
Առավելությունը տրվելու է տվյալ մասնագիտության համար պահանջվող ընդունելության մրցութային քննությանը: Բուհերում լրացուցիչ փուլի մրցույթի արդյունքները կհրապարակվեն հուլիսի 25-ին:
Հայտնենք, որ բուհերի ընդունելության գործընթացում մասնագիտությունների մրցույթն անցկացվել է ընդունելության դիմում-հայտի առաջին տողով ընտրված մասնագիտության՝ անվճար և վճարովի ուսուցման հայտի գերակայությամբ: Առաջին հայտագրված մասնագիտության մրցույթով չանցած դիմորդների համար մրցույթն անցկացվել է ընդունելության դիմում-հայտում հայտագրված մասնագիտությունների հերթականությանը համապատասխան, եթե նշված մասնագիտություններում առկա են եղել թափուր տեղեր: Ընդունելության դիմում-հայտում հայտագրված որևէ մասնագիտությամբ (ըստ հայտագրման հերթականության) ընդունված դիմորդը չի մասնակցել հայտագրված հաջորդ մասնագիտությունների մրցույթին: