«Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը նամակով դիմել է հայ-գերմանական ֆորումի նախագահ, Գերմանիայի Բունդեսթագի անդամ Ալբերթ Վայլերին: Նամակում, մասնավորապես, ասված է.
Վստահ եմ, որ տեղյակ եք Հարավային Կովկասում վերջին օրերին ստեղծված անկայուն իրավիճակի մասին, ինչը Ադրբեջանի՝ խաղաղ բանակցությունները պատերազմով փոխարինելու հերթական փորձն է:
Ուզում եմ Ձեզ փոխանցել, որ 2020 թ. հուլիսի 12-ին Ադրբեջանը, հերթական անգամ խախտելով 1994 թ. հրադադարի համաձայնագիրը, սկսել է հրետակոծել Հայաստանի շրջաններից Տավուշի գյուղերը:
Հարձակման հետևանքով երկու կողմերից կան զոհեր և բազմաթիվ վիրավորներ: Ադրբեջանը թիրախավորում է հատկապես քաղաքացիական բնակավայրերը, այդ թվում՝ մանկապարտեզները և հիվանդանոցները: Ավելին, Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հրապարակայնորեն հայկական կողմին սպառնացել է, որ անհրաժեշտության դեպքում պատրաստ է հարվածել Մեծամորի ատոմակայանին, ինչը ամբողջ տարածաշրջանի ֆիզիկական գոյության ուղիղ սպառնալիք է:
«Լուսավոր Հայաստան» կուսակցությունն իր բոլոր միջազգային գործընկերներին տեղյակ է պահում Ադրբեջանի պատերազմական հանցագործությունների ու ուժի կիրառման սպառնալիքների մասին: Հավատացած ենք, որ Գերմանիան՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ, պետք է իր ներդրումն ունենա Ադրբեջանի կողմից միջազգային իրավունքի կոպիտ ոտնահարումները կանխելու համար: Համոզված ենք, որ Դուք՝ որպես հայ-գերմանական ֆորումի նախագահ, կարող եք այդ գործում մեծ դեր ունենալ:
Հարգանքով՝
«Լուսավոր Հայաստան» կուսակցության և ՀՀ Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության նախագահ Էդմոն Մարուքյան»: