Իրանը մահապատժի է ենթարկել ԱՄՆ ԿՀՎ-ի իրազեկիչ Մահմուդ Մուսավի Մաջդիին, որն ամերիկացիներին հայտնել էր Իրանի «Ալ Քուդս» հատուկ նշանակության ջոկատի հրամանատար գեներալ Քասեմ Սոլեյմանիի գտնվելու վայրը: Այս մասին հայտնում է Mehr-ը՝ վկայակոչելով դատական համակարգի լրատվական ծառայությունը: Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի գեներալը մահացել էր հունվարի 3-ին Բաղդադի օդանավակայանում ԱՄՆ-ի օդային հարվածի հետևանքով:
Դատապարտյալը, ըստ Թեհրանի, կապված էր ԱՄՆ ԿՀՎ-ի և իսրայելական «Մոսադ» հետախուզական ծառայության հետ:
Ամերիկյան կողմը կարծում էր, որ գեներալը ներգրավված է եղել Բաղդադում կոալիցիոն ուժերի հենակետերի և ԱՄՆ դեսպանատան վրա հարձակումների մեջ:
Ի պատասխան՝ հունվարի 8-ի գիշերը Թեհրանը տասնյակ հրթիռներ արձակեց Իրաքում ամերիկյան օբյեկտների ուղղությամբ: Միացյալ Նահանգները հայտարարեց, որ զոհեր չկան, ռազմաբազաներում էլ վնասներն աննշան են: