Հուլիսի 19-ին՝ ժամը 20։40-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արգել գյուղի ՀԷԿ-ում այրվում է տրանսֆորմատոր՝ հաղորդել են ԱԻՆ-ի լրատվական ծառայությունից։
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Կոտայքի մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը, հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ և Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է «Արգել ՀԷԿ-ի» շինության դիմաց տեղակայված Т-4 հիդրոագրեգատի 2 ուժային տրանսֆորմատորներում:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 21:44-ին, մարվել՝ 23:33-ին: Այրվել են երկու տրանսֆորմատոր (յուրաքանչյուրը՝ 8 տ յուղի տարողությամբ), հարակից տարածքում գտնվող վարչական շենքի 2-րդ հարկի կառավարման վահանակի սենյակի մեկ պատուհան և փայտյա մանրահատակից մոտ 0․5 քմ հատված:
Կանխվել է հրդեհի տարածումը դեպի մյուս 10 տրանսֆորմատորները և «Արգել ՀԷԿ-ի» շինության ներսում գտնվող կառավարման վահանակը: