30 տարի առաջ այս օրը Երևանում կայացավ 1990 թ. մայիսի 20-ի ազատ և մրցակցային ընտրություններով կազմավորված՝ Հայաստանի Գերագույն խորհրդի անդրանիկ նիստը: Այդ մասին Ֆեյսբուքի էջում գրել է ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը:
«Հայրենի իշխանության բարձրագույն մարմնում ընտրյալ ներկայացուցիչներ ուներ նաև Արցախը: Պատգամավորական այդ խումբն իր մասնակցությունն է ունեցել Անկախության հռչակագրի ընդունմանը, որով վերահաստատվել է Արցախի միավորումը Հայաստանին: Իրավական այդ նորմն այնուհետև իր արտացոլումն է գտել 1995 թ. հուլիսի 5-ին հանրաքվեով ընդունված՝ անկախ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության նախաբանում՝ որպես հայ ժողովրդի միասնական կամքի արտահայտություն: Երեք տասնամյակ անց մենք ունենք Հայաստանի և Արցախի Հանրապետություններ, հայկական երկու պետություն, բայց միասնական Հայրենիք՝ անվտանգության ամուր համակարգով, ինտեգրված տնտեսությամբ և սոցիալ-մշակութային միասնական կյանքով:
Օգտվելով առիթից՝ բոլորիս շնորհավորում եմ Հայաստանի անկախության և մեր Հայրենիքի միասնականության ճանապարհն ընտրելու 30-ամյակի առթիվ: Մենք հիշում ենք այդ դժվար առաքելությանն իրենց կյանքը զոհաբերած բոլոր առաջամարտիկներին, այդ թվում՝ Հայաստանի առաջին գումարման Գերագույն խորհրդի այն պատգամավորներին, ովքեր այսօր մեզ հետ չեն: Նրանց հիշատակը կմնա սերունդների հիշողության մեջ: Ողջունում եմ նրանց, ովքեր այսօր իրենց լուման են բերում մեր ազգային նպատակների իրականացման գործին, մաղթում առողջություն և խաղաղ ու ստեղծագործ աշխատանքի տարիներ»,- գրել է ԱՀ նախագահը: