Թուրքաբնակ ադրբեջանցիները հակահայկական ցույցեր են անցկացրել այդ երկրի տարբեր շրջաններում՝ գրում է Ermenihaber-ը:
Թուրքիայի հյուսիսարևմտյան Էսքիշեհիր քաղաքում ապրող ադրբեջանցիները փողոց են դուրս եկել՝ բողոքելու հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցող մարտերից: Ըստ մերձիշխանական Sabah օրաթերթի՝ ցույցին մասնակցել է 150 մարդ, հիմնականում թուրքաբնակ ադրբեջանցիներ, ինչպես նաև Թուրքիայի քաղաքացիներ և այդ երկրում ուսանող օտարերկրացիներ։
Թուրքիայի արևելյան Իգդիր քաղաքում ապրող ադրբեջանցիներն էլ հեծանվային բողոքի երթի միջոցով են իրենց դժգոհությունը հայտնել հայկական զինված ուժերի գործողություններին:
Երկու քաղաքներում երթի մասնակիցները պարզել են Թուրքիայի և Ադրբեջանի դրոշները, վանկարկել հակահայկական կարգախոսներ ու հնչեցրել Հայաստանի դեմ ուղղված կոչեր։