Լավագույն դեպքում կորոնավիրուսի պատվաստանյութը Հայաստան կհասնի 2021 թվականի վերջին: «Մոդեռնա» ընկերությունը, որի հետ մեր երկրի կառավարությունը բանակցում է, պատվաստանյութի փորձարկման դեռ երկրորդ փուլն է ավարտել: Առջևում երրորդն էլ կա: Երկու ընկերություն արդեն պատվաստանյութի վերջնական՝ անվտանգության ապացուցման փուլում են:
Ենթադրվում է, որ 2021-ի սկզբին շուկայում արդեն քիչ քանակությամբ պատվաստանյութ կլինի: Մրցավազքը, սակայն, այնքան մեծ է, որ մեր երկրի առողջապահական ոլորտի պատասխանատուները մտավախություն ունեն. բնակչության թվաքանակի տեսանկյունից Հայաստանն արտադրողների համար հետաքրքիր երկիր չէ:
Գայանե Սահակյան, Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի գլխավոր տնօրենի տեղակալ - Մտավախություններից ելնելով` ԱՆ-ն երկու ուղղությամբ է բանակցությունները տանում. առաջինը հենց արտադրողների հետ: Հիմնականում մեր բանակցային արտադրողը «Մոդեռնան» է, դա ամերիկյան արտադրության պատվատանյութ է, որ մեր հայրենակիցը դեռ ունի այնտեղ և երկրորդը` դա գլոբալ դաշինք է: Միջազգային գործընկերները միավորվել են, որպեսզի օգնեն հատկապես հենց փոքր ազգաբնկություն ունեցող երկրներին, որ մրցավազքում վերջին տեղը չմնանք:
Մինչև կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերը տարբեր երկրներում փորձարկումների տարբեր փուլեր են անցնում, հերթեր են գոյանում նաև գրիպի մյուս տեսակների պատվաստանյութերի համար: Ոլորտի պատասխանատուներն աշնանն են պատրաստվում: Կորոնավիրուսի համավարակին զուգահեռ` սեզոնային վիրուսներն են գլուխ բարձրացնելու: Ոլորտի բեռը թեթեևացնել է պետք,- ասում են, բայց այսօր ընթացող բանակցությունների արդյունքում հոկտեմբերին հազիվ թե գրիպի դեմ պատվաստանյութերը Հայաստանում լինեն:
Գայանե Սահակյան, Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի գլխավոր տնօրենի տեղակալ - Մենք այս տարի գրիպի դեմ պատվաստանյութի դեղաչափերի թիվն ավելացրել ենք: Եթե անցած տարի միայն 130 հազար էր, այս տարի հասցրել ենք 180 հազարի: Դա էլ է խնդիր, այս պահի դրությամբ, եթե ցանկանաք 10 հազար դոզա առնել, չեք կարող:
Համավարակի պայմաններում բոլոր երկրներն են փորձում սուր շնչառական վարակների և գրիպի դեմ պատնեշ դնել: Ստացվում է, որ հերթերը միայն Քովիդի դեմ պատվաստանյութի համար չեն: Արտադրողները չեն հասցնում պահանջված քանակն ապահովել: Այնուամենայնիվ, թե կորոնավիրուսի, թե մյուս վարակների դեմ պատվաստանյութերի առկայության դեպքում ամբողջ ազգաբնակչությանը հնարավոր չի լինելու պատվաստանյութ առաջարկել: Կպատվատսվեն միայն ռիսկի խմբերի՝ 65-ից բարձր տարիք ունեցող, սիրտ-անոթային խնդիրներով ու շաքարային դիաբետով, քրոնիկ հիվանդություններ ունեցող քաղաքացիները:
Ի դեպ, մասնագետները փաստում են. հակահամաճարակային կանոնների պահպանման շնորհիվ է, որ վերջին օրերին իրավիճակն սկսել է կայունանալ: Սա հնարավորություն է տվել նաև թեստավորման կարգը փոխել: Եթե նախկինում քաղաքացին 38-ից բարձր ջերմություն պետք է ունենար, որ թեստավորվեր, նոր կարգով` 37-ից բարձրի դեպքում արդեն տեղամասային բժշկի ցուցումով կթեստավորվի: