Երևանի ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է ՀՀ սնանկության դատարանի դատավոր Գևորգ Նարինյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու միջնորդությունը: 1lurer.am-ի հետ զրույցում տեղեկացրեց ԲԴԽ մամուլի և հասարակայնության հետ կապերի ծառայության պետ Արման Խաչատրյանը:
Հիշեցնենք՝ հուլիսի 17-ին ԲԴԽ-ն համաձայնություն էր տվել ՀՀ սնանկության դատարանի դատավորներ Գևորգ Նարինյանի և Արա Կուբանյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և նրանց ազատությունից զրկելու՝ ՀՀ գլխավոր դատախազի միջնորդություններին:
Արման Խաչատրյանից տեղեկացանք, որ շարունակվում է դատավոր Արա Կուբանյանին կալանավորելու միջնորդության քննությունը. որոշումը դեռ չի հրապարակվել:
Թե քրեական օրենսգրքի ինչ հոդվածներով են մեղադրվում դատավորները, Արման Խաչատրյանը չմանրամասնեց: «Այլ տեղեկություններ չկան»,- ասաց նա:
Տեղեկացնենք, որ Նարինյանն ու Կուբանյանը սնանկության դատարանի դատավոր են 2018 թվականից: