ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն ilur.am-ում հանդես է եկել հրապարակմամբ՝ մեջբերելով պատմաբան Մարկ Բլոկի «Պատմության ջատագովությունը կամ պատմաբանի արհեստը» գրքից հատված:
«Օրերս ես վերընթերցեցի 20-րդ դարի ֆրանսիացի խոշորագույն պատմաբաններից մեկի` Մարկ Բլոկի «Պատմության ջատագովությունը կամ պատմաբանի արհեստը» գիրքը, որը ռուսերեն թարգմանությամբ կարդացել էի ավելի քան 30 տարի առաջ: Գիրք, որը, ըստ իս, պետք է լինի յուրաքանչյուր պատմաբանի գրասեղանին և, ինչու ոչ` նաև որպես հատուկ դասընթաց, ընդգրկվի բուհերի պատմության ֆակուլտետների ուսումնական ծրագրերում: Վաղուց տպավորված լինելով սույն հիմնարար ուսումնասիրությամբ՝ այս անգամ իմ ուշադրությունը գրավեց հատկապես նրա մի հատված` նվիրված հասարակության մեջ սուտ լուրերի ու առասպելների սերմանման և տարածման մեխանիզմին, որն ապշեցուցիչ կերպով իր արտացոլումն է գտել մերօրյա սոցցանցային իրականությունում: Խոսքը վերաբերում է այն երևույթին, թե ինչու են մարդիկ հակված հավատալու ոչ թե պաշտոնական տեղեկատվությանը, այլ սուտ լուրերին, ակնհայտ հորինվածքներին և առասպելաբանությանը:
Սոցցանցային իրականությունը, որն ուղղակի ցնցում է պետականությունների և ավանդական քաղաքականության հիմքերը, գրեթե անհնար դարձնելով կառավարությունների, ինտելեկտուալ հեղինակությունների և քաղաքական ուժերի կողմից կողմնորոշող կամ գերակշռող հասարակական կարծիքի ձևավորումը, հատուկ քննության առարկա է, որին, թերևս, անդրադառնամ մի այլ առիթով,- գրել է ՀՀ առաջին նախագահը և հավելել,- Իսկ այժմ ընթերցողին եմ ներկայացնում Մարկ Բլոկի գրքի` իմ նկատի ունեցած հատվածը»:
***
«Որպեսզի մեկ վկայի սխալը դառնա շատերինը, որպեսզի ոչ ճիշտ դիտարկումը փոխակերպվի ստահոդ լուրի, նաև հարկավոր է, որ հանրության վիճակը նպաստավոր լինի տարածման համար։ Հասարակության բոլոր տիպերն այդ առումով հավասարապես բարենպաստ չեն։ Հավաքական կյանքի արտակարգ խլրտումները, որ ապրեցին մեր սերունդները, դրա վառ օրինակն են ներկայացնում։ Ներկա պահի փորձը, ճիշտն ասած, դեռ չափազանց մոտ է մեզ՝ ճշգրիտ վերլուծության տրվելու համար։ 1914–1918 թթ. պատերազմը ընկրկելու ավելի մեծ հնարավորություն է տալիս։
Ամենքին է հայտնի, թե այդ չորս տարիները որքան առատ էին սուտ լուրերով։ Մասնավորաբար՝ կռվողների մոտ։ Ուսումնասիրության համար հատկապես հետաքրքրական է թվում դրանց ձևավորումը խրամատների անչափ ինքնատիպ հանրույթի մեջ։
Քարոզչության ու գրաքննության դերը յուրովի նշանակալից է։ Բայց՝ լրիվ հակառակ այն ակնկալիքների, որ ունեին այդ ինստիտուտների հիմնադիրները։ Ինչպես դիպուկ նկատել է մի երգիծաբան, «Խրամատներում գերիշխում էր այն կարծիքը, թե ամեն ինչ կարող է ճշմարիտ լինել, բացի նրանից, ինչ թույլ է տրվում տպագրել»։ Լրագրերին չէին հավատում. ոչ էլ, համարյա թե, նամակներին, քանզի բացի այն, որ սրանք հասնում էին անկանոն կերպով, նաև համոզմունք կար, որ խստագույնս վերահսկվում էին։ Այստեղից էլ լեգենդների ու առասպելների վաղնջական մոր` բանավոր ավանդույթի այդ զարմանահրաշ զարթոնքը։ Հանդուգն մի հարվածով, որ ամենախիզախ փորձարարներն անգամ չէին համարձակվի երազել, կառավարությունները ջնջեցին նախընթաց հարյուրամյակները և ճակատային զինվորին ետ շպրտեցին դեպի հինավուրց ժամանակների տեղեկատվական միջոցներն ու մտավիճակը, երբ չկար ո՛չ թերթ, ո՛չ լրագիր, ո՛չ գիրք։
Շշուկները, որպես կանոն, կրակի գծում չէին ծնվում։ Դրա համար փոքրաթիվ խմբերն այնտեղ խիստ մեկուսացած էին իրարից։ Զինվորն իրավունք չուներ տեղից-տեղ գնալ առանց հրամանի, իսկ եթե գնում էր, ապա հաճախ միայն իր կյանքը վտանգելու գնով։ Ժամանակ առ ժամանակ գալիս-գնում էին պատահական ճամփորդներ՝ կապավորներ, իրենց գծերը նորոգող հեռախոսավարներ, հրետազորային դիտորդներ։ Այս կարևոր անձինք քիչ էին ընկերանում հասարակ զորականների հետ։ Բայց կային պարբերական շփումներ, որոնք շատ ավելի արժեքավոր էին։ Դրանք պարտադրողը սննդի հոգսն էր։ Թաքստոցների ու պահակակետերի այդ փոքրիկ աշխարհի ագորան խոհանոցներն էին։ Այնտեղ օրական երկու-երեք անգամ սեկտորի տարբեր դիրքերից եկած մատակարարները հանդիպում ու շաղակրատում էին մեկը մյուսի կամ խոհարարների հետ: Վերջիններս շատ բան գիտեին, նրանք տեղակայվում էին զորամիավորումների խաչմերուկում և, բացի այդ, բանակային գնացքների ուղեկցորդների հետ օրական մի քանի բառ փոխանակելու բացառիկ մենաշնորհն ունեին, իսկ սրանք այն բախտավորներն էին, որ հաստատվում էին գլխավոր շտաբների հարևանությամբ։ Այդպես, բացօթյա խարույկների կամ շարժական օջախների շուրջ վայրկենաբար ձևավորվում էին վաղանցիկ կապեր իրարից չափազանց տարբեր միջավայրերի ներկայացուցիչների միջև։ Այնուհետև օրապահները ճամփա էին ընկնում և, արահետներով ու խրամատներով, իրենց կերակրամանների հետ մինչև առաջավոր գիծ հասցնում այդ տեղեկությունները, որոնք, ճիշտ թե սխալ, ամեն դեպքում գրեթե միշտ աղավաղված էին և պատրաստ տեղվույն վրա կրկին վերամշակվելու։ Գլխավոր հատակագծի վրա, առաջավոր դիրքերը նշող միահյուսված գծիկներից փոքր-ինչ հետ, կարելի էր ստվերագծել երկայնաձիգ մի ժապավեն, դա կլիներ առասպելների ձևավորման գոտին։
Պատմությանը շատ հասարակություններ են հայտնի, որտեղ տիրել են ընդհանուր առմամբ համանման պայմաններ. այն տարբերությամբ, որ արտակարգ մի ճգնաժամի անցողիկ հետևանքը լինելու փոխարեն, դրանք կազմել են կյանքի բնականոն հենքը։ Այստեղ էլ բանավոր փոխանցումը եղել է գրեթե միակ արդյունավետ միջոցը։ Եվ խիստ տրոհված տարրերը այստեղ էլ կապվել են գրեթե բացառապես մասնագիտացած միջնորդներով, կամ՝ որոշակի հանգուցակետերում։ Շրջիկ առևտրականները, ձեռնածուները, ուխտավորներն ու մուրացկանները այստեղ փոխարինել են մեր խրամատների փոքրաթիվ թափառախմբին։ Կանոնավոր հանդիպումները տեղի են ունեցել շուկաներում կամ կրոնական տոնակատարությունների ժամանակ։ Այդպես էր, օրինակ, վաղ միջնադարում։ Վանական ժամանակագրությունները, որոնք կազմվում էին հարցումների հիման վրա, իբրև տեղեկաբեր ունենալով ճամփորդներին, շատ նման են հուշատետրերի, որ մեր խոհանոցային կապրալներն էլ կարող էին պահել, եթե սեր ունենային։ Այս հասարակությունները միշտ պարարտ միջավայր են եղել կեղծ տեղեկությունների համար։ Մարդկանց հաճախակի հարաբերությունները հեշտացնում են տարբեր պատումների համեմատությունը։ Դրանք խթանում են քննադատության զգացումը։ Իսկ հեռավոր երկրներից դժվարին ճամփաներով դեպքից դեպք լուր բերողին, ընդհակառակը, հավատում են անվերապահորեն։
Պետք չէ, սակայն, չափազանց հեռու տանել համեմատությունը։ Պատերազմը, շատ առումներով, հետադիմության ապշեցուցիչ փորձառություն եղավ։ Բայց հետադիմությունը երբեք լիակատար չի լինում, և մտավոր զարգացման բազմադարյան դրոշմը մի հարվածով չի ջնջվում. 1914–1918 թթ. զինվորականը շատ հեշտ էր հավատում ստահոդ լուրին։ Բայց դա, ըստ իս, երկար չէր տևում։ Թեև նրա հետաքրքրությունը բևեռված էր ամենից առաջ այն իրադարձություններին, որոնք նրա կարծիքով կարող էին ազդել իր անմիջական ճակատագրի վրա, ինչը և բնական է,– հերթափոխ, տեղափոխություն այլ սեկտոր, առաջիկա գրոհ,– այդուհանդերձ, այն զգալիորեն ավելի լայն էր, իսկ աշխարհընկալումը՝ նվազ սահմանափակ կամ թերի, քան միջնադարի հասարակ ժողովրդինը։ Արդեն ասել ենք, որ պատմաբանը չի ուսումնասիրում ներկան անցյալի ճշգրիտ պատճենի հայտնաբերման ակնկալիքով։ Ներկայում նա պարզապես փնտրում է անցյալը ավելի լավ հասկանալու ու զգալու միջոցներ։ Սա հենց այն է, ինչի բավական ակնառու օրինակը, եթե չեմ սխալվում, մեզ տալիս են պատերազմի սուտ լուրերը»:
Մարկ Բլոկ, Պատմության պաշտպանական կամ պատմաբանի արհեստը, ֆրանսերենից թարգմանությունը՝ Շուշան Մակարյանի, ծանոթագրությունները՝ Սմբատ Հովհաննիսյանի, Սարգիս Խաչենց - Փրինթինֆո - Անտարես, Երևան, 2018, էջ 155–158