Երևանի քաղաքապետարանից տեղեկացնում են, որ ապամոնտաժվել են օրենքի խախտմամբ տեղադրված կրպակները։
2017 թվականի հուլիսին Երևանում՝ Իսահակյան և Տերյան փողոցների խաչմերուկում, բացվեց առաջին գրատնակը։ Հետագայում Երևանի կենտրոնի տարբեր հատվածներում տեղադրվեցին ևս 4 գրատնակներ։ Այն ժամանակ հայտարարվում էր, որ գիրք-տնակներում կվաճառվեն միայն գրքեր և թանգարանների ու թատրոնների տոմսեր։
Սակայն կարճ ժամանակ անց գրատնակները դադարեցին ծառայել իրենց նպատակին։ Օրինակ՝ Աբովյան փողոցի կրպակում հայտնվեցին բջջային հեռախոսներ։
Երևանի քաղաքապետարանի առևտրի և սպասարկումների վարչության և Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի համատեղ ջանքերով բոլոր կրպակներն ապամոնտաժվել են։
Բացի այդ, ապամոնտաժվել է Օղակաձև զբոսայգում ապօրինի տեղադրված տաղավարը, ինչպես նաև Արաբկիր վարչական շրջանում՝ մայթին տեղադրված ապօրինի կրպակը։