Հայտնի էկոակտիվիստ Գրետա Թունբերգն Ինսթագրամում տեղեկացրել է, որ արժանացել է հայազգի գործարար և բարերար Գալուստ Գյուլբենկյանի անվան մրցանակին:
«Ինձ համար մեծ պատիվ է ստանալ «Մարդկության համար»՝ Գյուլբենկյան մրցանակը: Մենք գտնվում ենք կլիմայական արտակարգ իրավիճակում, և իմ հիմնադրամը հնարավորինս արագ 1 միլիոն եվրո մրցանակային գումարը կնվիրաբերի այն կազմակերպություններին և նախագծերին, որոնք պայքարում են կայուն աշխարհի համար, պաշտպանում են բնությունը և աջակցում այն մարդկանց, որոնք բախվում են կլիմայական և էկոլոգիական ճգնաժամի ամենավատ հետևանքներին, հատկապես նրանց, ովքեր ապրում են Գլոբալ Հարավում»,- նշել է երիտասարդ ակտիվիստը:
Թունբերգն ասել է, որ նախ 100000 եվրո կտրամադրվի SOS Amazonia-ի արշավին՝ լուծելու COVID-19- ի հետ կապված խնդիրներն Ամազոնի տարածաշրջանում, ապա 100000 եվրո` Stop Ecocide հիմնադրամին՝ էկոլոգիայի ոչնչացումը միջազգային հանցագործություն հռչակելու համար: