«Ես նկարում եմ լույսը, ոչ թե նյութը։ Լույսն ինձ մոտ գույն է… Ես կյանքին հեռվից եմ նայում, դրա համար էլ իմ նկարներում մանրուքները տեսանելի չեն»:
Մինաս
1928 թվականի այս օրը՝ հուլիսի 20-ին, Ջաջուռում ծնվել է 20-րդ դարի հայ գեղանկարչության ամենանշանավոր դեմքերից մեկը՝ Մինաս Ավետիսյանը:
Մինասը համեմատաբար ուշ է սկսել զբաղվել գեղանկարչությամբ։ Պատանի հասակում տարված է եղել Մարտիրոս Սարյանի արվեստով։ Առաջին անգամ նկարչի հետ ծանոթացել է 18 տարեկանում։ Վարպետը շատ է հավանել նրա ոճն ու տաղանդը.
«Մինա՛ս, ես քեզնից մեծ եմ 50 տարով։ Ափսոս, ինձ քիչ ժամանակ է մնացել։ Ո՞ւր էիր, մի քիչ շուտ գայիր։ Չմոռանա՛ս, արվեստը պայքար է սիրում։ Հիմա ես արդեն մենակ չեմ։ Դու էլ մենակ չես։ Ուրեմն, շարունակիր խիզախել։ Ես հավատում եմ քո այդ լավ ձեռքին»:
Մինասի գեղարվեստական և գեղագիտական զարգացման գործում մեծ ազդեցություն են ունեցել հայկական մանրանկարչությունը և իտալական Վերածննդի նկարչությունը, որին ծանոթացել է Լենինգրադում (այժմ` Սանկտ Պետերբուրգ) ուսանելու տարիներին:
Մինասի վրձնին են պատկանում հայկական գյուղաշխարհն արտացոլող կոմպոզիցիաներ, բնանկարներ, ինչպես նաև դիմանկարներ, նատյուրմորտներ, որմնանկարներ։ Նկարչը հիմնականում պատկերել է իր հարազատ բնաշխարհը՝ Ջաջուռը, տունը, լեռները։ Կապված լինելով մոր հետ և շուտ կորցնելով նրան՝ Մինասը մոր թեմային է անդրադարձել իր բոլոր աշխատանքներում՝ և՛ գեղանկարներում, և՛ որմնանկարներում, և՛ գծանկարներում։
Գույների կախարդի ստեղծագործությունները յուրահատուկ են իրենց գունային ուժեղ հակադրություններով, որոնք արտահայտում են լուսավոր, քնարական տրամադրություններ, երբեմն՝ ողբերգական շեշտերով։
Հայտնի նկարներից մի քանիսը հայ ժողովրդի անցյալի թեմաներով են՝ հատկապես 1915 թ. հայկական ջարդերի, որոնցից մազապուրծ են եղել նաև նկարչի ծնողները։ Այդ ժամանակաշրջանին են պատկանում 1965-1967 թվականներին ստեղծված «Ճանապարհ. ծնողներիս հիշողությունները», «Դեր Զորի ճանապարհին» (1964) կտավները։
Մինասի հասուն ստեղծագործական կյանքը տևել է 15 տարի՝ 1960–1975 թվականներին, որի ընթացքում նկարիչը ստեղծել է մոտ 500 մեծ ու փոքր կտավներ, մոտավորապես նույնքան գծանկար, 20 մեծածավալ որմնանկարներ, մեկ տասնյակից ավելի բալետային ու թատերական ձևավորումներ։
«Ալմաստ» օպերայի և Արամ Խաչատրյանի «Գայանե» բալետի ձևավորումների հեղինակը Մինասն է: Արամ Խաչատրյանը ևս հիանում էր նկարչի տաղանդով.
«Մինասի խառնվածքը ուժեղ է, վառ… Նա թատերական նկարչության մեջ փոխադրեց իր հզոր սիմֆոնիզմը»:
Որմնանկարները ստեղծել է 1970-1974 թթ. Երևանում, Գյումրիում, Վահրամաբերդում: Նրա ստեղծած որմնանկարների ընդհանուր մակերեսը 500 քառակուսի մետրի է հասնում: 1988 թ. Սպիտակի երկրաշարժի պատճառով նրա որմնանկարների մեծ մասը վնասվում է։ Երկրաշարժից անմիջապես հետո կործանումից փրկվում է «Աղբյուրի մոտ» որմնանկարը, որը Բուլղարիայից հրավիրված մասնագետները հաջողությամբ տեղափոխում են Գյումրի քաղաքի թատրոնի շենք։ «Լեռներում» որմնանկարը լավ վիճակում է մինչ օրս:
Մնացած որմնանկարները աղետալի վիճակում էին մինչև 2009 թվականը, երբ իտալացի մասնագետները նրա մի քանի որմնանկարներ սկսում են վերականգնել: «Թորոս Ռոսլինի ծնունդը» հաջողությամբ տեղափոխվում է Ջաջուռ գյուղի Մինասի թանգարանը։ 2010 թ. «Խաչքարի մոտ» և «Հանդիպում» որմնանկարները վերականգնվում և տեղափոխվում են ՀՀ կառավարության շենք։
1975-ի փետրվարի 16-ին Մինասը Երևանում ենթարկվում է ավտովթարի։ Մեկ շաբաթ անց՝ փետրվարի 23-ին, Մինաս Ավետիսյանը վախճանում է: Նա ընդամենը 47 տարեկան էր: Շատերը վստահ էին, որ դա դժբախտ պատահար չէր...
«Աշխարհի մեջ անոր պես նկարիչ քիչ կա, եթե ըսեմ չկա՝ հավատացեք: Ի՜նչ զորավոր է, հայկական է, հին ու բոլորովին նոր: Զարմանալի է…»:
Վիլյամ Սարոյան