Արցախում ամփոփվել են 2020-21 թթ. Հայաստանի և Արցախի պետական բուհերում բակալավրի ընդունելության քննությունների արդյունքները:
Ֆեյսբուքի ուղիղ եթերում ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը նշեց, որ Արցախի 1289 դիմորդներից միասնական քննություն են հանձնել 807-ը, 288-ը ստացել են անբավարար, 555-ը դրական արդյունքներով ընդունվել են Հայաստանի և Արցախի պետական բուհեր: Ա.Հարությունյանի խոսքով՝ սա մեծ հաջողություն է:
Նա հայտարարեց, որ քննությունները եղել են թափանցիկ, արդար, արտացոլում են շրջանավարտների իրական գիտելիքները: «Ափսոսում եմ, որ նրանք մի քանի ամիս զրկվեցին լիարժեք ուսուցումից, բայց դա չխանգարեց արձանագրել բարձր արդյունքներ: Պաշտոնապես հայտարարում եմ, որ որևէ դիմորդ միջնորդավորված գնահատական չի ստացել: Շատ մոտ մարդիկ ունեմ, ում երեխաները ստացել են անբավարար»,- ասաց Ա.Հարությունյանը:
Ամփոփելով՝ ԱՀ նախագահն ընդգծեց, որ արցախցի 114 դիմորդ այս տարի կսովորի Հայաստանի բուհերում, մյուսները՝ Արցախում՝ անվճար: Նա նշեց, որ պետք է ամեն ինչ անել, որ բոլորը հետ գան Արցախ, պետք է պայմաններն այնպիսին լինեն, որ երիտասարդները սովորելուց հետո ցանկանան վերադառնալ Արցախ:
Ա.Հարությունյանը շնորհավորեց բոլոր ընդունված դիմորդներին, նրանց բարի երթ մաղթեց: