1990-ի հուլիսի 19-ին, երբ պատերազմական վիճակում և շրջափակման մեջ գտնվող Հայաստանում թռիչքներ գրեթե չէին իրականացվում, ծանրագույն վիճակում Փարիզից Երևան վերադարձավ Սերգեյ Փարաջանովը: Մեկ օր անց` հուլիսի 20-ին, նա վախճանվեց Երևանում՝ Հանրապետական հիվանդանոցում: Երեք տասնամյակ անց Փարաջանովի ժառանգությունը դեռ նոր բացահայտումների անսպառ աղբյուր է:
Փարաջանովը թերևս միակն էր հայ ռեժիսորներից, որ ստեղծագործական վերելքի լավագույն տարիներն ապրեց ոչ թե իր հանճարեղ կինոն նկարելով, այլ խիստ ռեժիմի բանտերում, որտեղ անողոք դաժանությամբ փորձում էին սպանել ազատ միտքը: Եվ մինչդեռ ճաղավանդակների հետևում ծնվում էր փարաջանովյան բանտային արվեստը, երևանյան բուհերում, փակ դիտումների ընթացքում կայծակնային արագությամբ տարածվում էր նրա անսովոր գեղագիտությունը:
Նրան հաջողվում էր համադրել անհամադրելին ու փարաջանովյան յուրաքանչյուր նոր ֆիլմ վերստին վկայում էր նրա գլխավոր սկզբունքը՝ պատկերն ինքնին կատարյալ է, իսկ պլաստիկայի ու պատկերի պոետիկ համադրությունը՝ անգերազանցելի:
80-ականների վերջերին բանտերում հյուծված ռեժիսորը դեռ լի էր նոր գաղափարներով: 87-ին Երևանում փորձում էր իրականացնել տարիների երազանքը՝ պոետիկ կինոպատում նկարել Էջմիածնի գանձերի մասին: Այդ գաղափարով ոգեշնչված էր նաև Վազգեն առաջին Վեհափառը: Սակայն տևական սպասումից հետո Փարաջանովը վիրավորված ու դառնացած մեկնեց Թբիլիսի՝ սկսելով «Խոստովանանք» ֆիլմի նկարահանումները, բայց հասցրեց նկարել ընդամենը մեկ տեսարան՝ Վերայի մահը: Ցավոք, կինոյի հրաշագործն արդեն մահացու հիվանդ էր: