«Իմ քայլը», «Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը հանդես է եկել հրապարակմամբ, որ վերնագրել է «Աղքատության, արժանապատվության և աշխատանքի մասին»:
«‹‹Իմ քայլը›› հիմնադրամը, հավատարիմ մնալով բարեգործության էթիկային և հարգելով իր շահառու ընտանիքների անձնական տարածքը, երբեք չի բարձրաձայնել և ի շահ հիմնադրամի վարկանիշի չի օգտագործել նրանց օգնելու հանգամանքն ու առաջխաղացումը։
Առաջնորդվելով «մի՛ վնասիր» սկզբունքով՝ հիմնադրամի շահառումներին զերծ ենք պահել հասարակության քննարկման թիրախը դառնալուց։
Շաբաթներ առաջ մի ամբողջ բազմանդամ ընտանիքի պատմություն դարձավ շահարկման թեմա, մամուլում ու սոցիալական ցանցերում բարձրացավ աղմուկ, դատապարտելիորեն խաղարկվեց ընտանիքի սոցիալական խոցելիությունը:
Դժբախտաբար, խնդրահարույց պատմություններ կարող են լինել միշտ, սակայն մեր բոլորիս պատասխանատվությունն է այդ ընտանիքներին և հատկապես նրանց անչափահաս երեխաներին զերծ պահել շահարկումների կիզակետում հայտնվելուց, պաշտպանել նրանց արժանապատվությունն ու իրավունքները, ցուցաբերել զսպվածություն մեր գնահատականներում։
Ցանկանում եմ անդրադառնալ վերոհիշյալ դեպքի նման առկա այլ պատմությունների: Անդրադարձիս նպատակն է, որպեսզի մեզանից յուրաքանչյուրը գիտակցի, որ առանց ցանկության, առանց կամքի ուժի, առանց կրթության և աշխատանքի հնարավոր չէ հաղթահարել աղքատությունը։
Երկու տարի շարունակ «Իմ քայլը» հիմնադրամի աջակիցների միջոցներով և հիմնադրամի սոցիալական աշխատողների հետևողական աշխատանքի շնորհիվ մի քանի ընտանիքներ ևս ստացել են շարունակական աջակցություն, այդ թվում՝ սոցիալական ծառայությունների հասանելիության ապահովում, ոլորտի տարբեր կառույցների ծրագրերում ներգրավում, կենցաղային պայմանների բարելավում, բարոյահոգեբանական աջակցություն, որոշ դեպքերում՝ նաև բարեսիրտ քաղաքացիների կողմից ժամանակավոր և անվճար տրամադրված կացարաններ:
Այս համալիր աջակցության շնորհիվ ընտանիքները կարող էին կատարել խնայողություններ, մասնակցել հիմնադրամի առաջարկած մասնագիտական հմտությունների զարգացման վերապատրաստումներին և անցնել աշխատանքի։
Խորը մտահոգությամբ արձանագրում ենք, որ զարգացման ծրագրերից էապես ամրացած ընտանիքների կողքին ունենք նաև այնպիսիները, որոնք իրենց շահերին ուղղված միջոցառումներից օգուտ չքաղեցին՝ դրսևորելով ապակառուցողական ու մերժողական կեցվածք և հիմնադրամից աջակցություն ստանալուն զուգահեռ՝ հրաժարվեցին սեփական ոտքերի վրա ամուր կանգնելու փորձերից։
Ցավով նշում եմ, որ ունենք ընտանիք, որը հրաժարվում է դուրս գալ ուրիշի սեփականությունից․ ընտանիքն ինքնաբավ դարձնելու նպատակով՝ հիմնադրամը երկու տարի շարունակ հետևողականորեն փորձել է լուծել չափահաս անդամների զբաղվածության հարցը, սակայն նրանք հրաժարվել են։
Ունեցել ենք շահառու, որը սոցիալական էջերում տարածել է վարկաբեկիչ ապատեղեկություն՝ առ այն, որ հիմնադրամը «սկզբից թոզփչոցի է անում, փողեր է ստանում նման ընտանիքների համար, հետո հրաժարվում է այդ ընտանիքին օգնելուց», այն դեպքում, երբ այդ նույն ընտանիքը երկու տարվա ընթացքում հիմնադրամի ջանքերով բարերարից ստացել է շուրջ մեկ ու կես միլիոն դրամ, սակայն հրաժարվել է իր ուժերով եկամուտներն ավելացնելու առաջարկված բոլոր լուծումներից:
Ուրախությամբ պետք է արձանագրեմ, որ այս պատմությունների կողքին ունենք նաև ձեռքբերումներ, ունենք ընտանիքներ, որոնք հիմնադրամի աջակցության և սեփական նպատակասլացության շնորհիվ կարողացել են հաղթահարել խնդիրներն ու փոխել իրենց կյանքը։
Հենց այդ հաջողության պատմություններն են, որ մեզ ստիպում են չհուսահատվել, շարունակել հավատարիմ մնալ մեր որդեգրած ուղուն։
Այս հարցում շատ կարևոր է, որ մեր կողքին կան մեր ծրագրերը գնահատող մարդիկ, որոնք անշահախնդիր կանգնել են այս ընտանիքների կողքին, տևական ժամանակ ցուցաբերել մարդասիրական աջակցություն: Շնորհակալություն։
Ցանկանում եմ ընդգծել, որ «Իմ քայլը» հիմնադրամը շարունակական աշխատանքներ է տանում ծրագրերի արդյունավետության բարձրացման ուղղությամբ, որոնք միտված են իրապես բարելավելու դժվարին իրավիճակներում հայտնված մարդկանց կյանքի որակը՝ հիմքում ունենալով անհատի արժանապատվությունը, ինքնուրույն կայանալու և հասարակության մեջ լիարժեք տեղ զբաղեցնելու կարևորությունը:
Այս հարցում ջանքեր և ռեսուրսներ չենք խնայելու:
ՀԱՄԱՏԵՂԵՆՔ ՄԵՐ ՋԱՆՔԵՐԸ ՀԱՆՈՒՆ ԲԱՐԵԿԵՑԻԿ ԱՊԱԳԱՅԻ»,- գրել է Աննա Հակոբյանը: