Կարնեգի կենտրոնի՝ Կովկասի մասնագետ Թոմաս դե Վաալը BBC-ի հետ զրույցի ընթացքում ասել է, թե պարզ չէ, թե ով է սկսել, բայց Ադրբեջանը ավելի շատ է շահագրգռված, քանի որ սիրում է աշխարհին հիշեցնել, որ իրավիճակը տեղում «նորմալ չէ» և դժգոհ է 2018 թվականից ի վեր քաղաքական առաջընթացի բացակայությունից: Ըստ նրա՝ հուլիսի 7-ին Ալիևն այդ մասին ասաց բացահայտ: Այնուամենայնիվ, հենց մի կողմը սկսում է, մյուսը պատասխանում է, և երկուսն էլ չեն ցանկանում նահանջել: «Երկուսն էլ խորապես զգայուն են այս հակամարտության նկատմամբ: Մենք երկու երկրներում տեսնում ենք համախմբման ազդեցությունը»,- նշել է դե Վաալը:
Լոնդոնի միջազգային հարաբերությունների թագավորական ինստիտուտի փորձագետ, Կովկասի հակամարտությունների հետազոտող Լոուրենս Բրերսի կարծիքով՝ սահմանային տարածքը, որտեղ այժմ զարգանում են դեպքերը, երկու կողմում էլ շատ խիտ է բնակեցված քաղաքացիական անձանցով, ի տարբերություն Լեռնային Ղարաբաղի շփման գծի, և զոհերը այստեղ կարող են շատ լինել: «Քանի որ խոսքը, մասնավորապես, Հայաստանի տարածքի մասին է, սա նաև ստուգում է Ռուսաստանի և ՀԱՊԿ-ի համար՝ տարածաշրջանում զսպվածությունն ապահովելու առումով: Տեղական ռազմական բախումների դեպքում Ռուսաստանը և ՀԱՊԿ-ը կարող են բավարարվել նվազագույն գործողություններով, բայց ավելի լայնածավալ հակամարտությունների ժամանակ տարածաշրջանում զսպվածությունն ապահովելը առաջնային է դառնում»,- ասել է նա: