«Հայփոստ» ընկերությունը չի թանկացրել ապրանքային ներդիրով մինչև 1 կգ ծանրոցների գինը, ավելին՝ ընկերությունը, հաշվի առնելով իր հաճախորդների շահերը, երկու օրվա ընթացքում օպերատիվ կերպով մշակել է մինչև 1 կգ քաշ ունեցող ծանրոցների համար սակագնային շեմեր, որոնք սկսում են 300 դրամից՝ 1260 դրամի փոխարեն: Այդ մասին Ֆեյսբուքի էջում հայտնել է «Հայփոստ» ընկերության հասարակայնության հետ կապերի գծով տնօրեն Նանա Գնդոյանը:
«Ավելին՝ Հայաստանի Հանրապետության «Փոստային կապի մասին» օրենքի «Հայաստանի Հանրապետությունում փոստային կապի ունիվերսալ ծառայությունների մատուցման սակագների սահմանումը և կիրառումը» 182-րդ հոդվածի 6-րդ կետի համաձայն՝ «Փոստային կապի ազգային օպերատորը կարող է փոստային կապի ունիվերսալ ծառայությունները մատուցել Կարգավորող հանձնաժողովի սահմանած սակագնից ԱՎԵԼԻ ՑԱԾՐ սակագնով` բացառելով գնային խտրականությունը:
Սակագների նման իջեցման դեպքում նոր սակագներ սահմանելիս Կարգավորող հանձնաժողովը հաշվի չի առնում սակագների իջեցման հետևանքով փոստային կապի ազգային օպերատորի վնասները»: Ինչը նշանակում է, որ «Հայփոստը» կարող է իջեցնել սակագները, բայց ոչ բարձրացնել:
«Հայփոստ» ընկերությունում ստացված ահազանգի միջոցով պարզ է դարձել, որ դեռ նախկին ժամանակներից խախտումներ են եղել, և ապրանքային ներդիրով առաքանիները բիզնես իրականացնողների կողմից ձևակերպվել և ուղարկվել են որպես փաստաթղթային առաքանի, ինչի արդյունքում մարդիկ օրենքով սահմանված սակագնից ցածր են վճարել:
«Հայփոստ» ընկերությունը մեկնարկել է կարգապահական քննություն, ինչպես նաև՝ խստորեն հրահանգավորել է աշխատակիցներին գործել դեռ 2001թ.-ից ՀՀ Կառավարության սահմանած որոշման և օրենքի շրջանակներում: Բացի այդ ՝ հաշվի առնելով քաղաքացիների բողոքն առ այն, որ տրամաբանական չէ և՛ 1 կգ քաշով ծանրոցների համար վճարել 1260 դրամ և 1 կգ-ից պակաս քաշով ծանրոցների համար վճարել նույն գինը՝ «Հայփոստ» ընկերության թիմը մշակել է մինչև 1 կգ ծանրոցների սակագնային շեմեր:
Ուզում եմ հատուկ շեշտել, որ մեր կողմից կատարված ուսումնասիրությունները ցույց են տվել, որ «Հայփոստ» ընկերության սահմանած սակագնային համակարգը տարածաշրջանի այլ երկրների ներհանրապետական փոստային նույնանմամ ծառայություններից էժան է 40%-ով»,- գրել է Ն.Գնդոյանը: