«Երեկ գիշեր կրկին համեմատաբար հանգիստ է անցել: Մոտ 137 կրակոց է եղել ՀՀ սահմանագոտու տարբեր հատվածներում: Մասնավորապես, Տավուշի տարբեր գյուղերի ուղղությամբ տեղակայված մարտական դիրքերում եղել են կրակոցներ, հիմնականում՝ անկանոն, որոնց ի պատասխան, որպես կանոն մեծ մասին, ՀՀ զինված ուժերը պատասխան կրակ չեն վարել: Եղել են նաև այլ բանակային կորպուսների և մարզերի ուղղությամբ կրակոցներ: Մասնավորապես՝ Ճամբարակի ուղղությամբ է եղել կրակոց, օգտագործվել է ավտոմատ նռնականետ, դիպուկ կրակոցներին մեր զինված ուժերը պատասխանել են դիպուկ կրակով, արդյունքում՝ լռեցրել»,- Իջևանի տեղեկատվական միասնական կենտրոնում ասուլիսի ժամանակ հայտնեց ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:
Նա անդրադարձավ նաև ադրբեջանական սադրանքի հետևանքով սահմանին վիրավորված մեր զինծառայողների առողջական վիճակին:
«Մեր վիրավորների վիճակը շարունակում է մնալ նույնը: Անփոփոխ է: Մեկ վիրավորի վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր»,- նշեց Հովհաննիսյանը:
Նա նաև տեղեկացրեց, որ 3-րդ բանակային կորպուսի ժամկետային զինծառայողները դիմել են հրամանատարությանը՝ խնդրելով իրենց չզորացրել: