Հայաստանի Հանրապետության անվտանգության խորհրդի՝ հուլիսի 10-ի նիստում հավանության արժանացավ ՀՀ ազգային անվտանգության նոր ռազմավարությունը:
1lurer.am-ը շարունակում է ներկայացնել ՀՀ ազգային անվտանգության
ռազմավարությունը:
7. ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԵՎ ԲԱՐԵԿԵՑՈՒԹՅԱՆ,
ԵՐԿՐԻ ԿԱՅՈՒՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ
Դիմակայուն հասարակական անվտանգության համակարգի զարգացում
7.1 Պետական և հասարակական անվտանգության ապահովման մեր տեսլականը բարձր դիմակայունություն ունեցող պետական կառավարման համակարգի զարգացումն է։ Այդ ճանապարհին առանցքային է նաև քաղաքացիների բարձր իրավագիտակցության ձևավորումը և հանրային իրազեկվածության ապահովումը։ Մեր նպատակն է դառնալ աշխարհի ամենաանվտանգ պետություններից մեկը:
7.2 Հայաստանը շարունակելու է հետամուտ լինել պետական կառավարման համակարգի, իրավապահ մարմինների, հատուկ ծառայությունների և պետական վերահսկողության մարմինների գործունեության ներդաշնակեցմանը և արդյունավետության բարձրացմանը։ Այս տեսանկյունից մենք կարևորում ենք ժողովրդավարական, խորհրդարանական պետությանը բնորոշ ուժային կառույցների կազմակերպաիրավական բարեփոխումները, ինչը նաև կապահովի ոչ միայն թափանցիկության, այլև խորհրդարանական, քաղաքական և քաղաքացիական վերահսկողության ավելի բարձր մակարդակ։
7.3 Հայաստանը պետական և հասարակական անվտանգության ապահովման համատեքստում կարևորում է պետական և տեղական ինքնակառավարման կառույցների կողմից ռիսկերի կառավարման մշտապես գործող և համապարփակ համակարգի կատարելագործումն ու ռիսկերի կառավարման ոլորտում կարողությունների զարգացումը: Այս տեսանկյունից մենք շեշտը դնելու ենք համապետական ռիսկերի վերհանման, գնահատման և դրանց դասակարգման ապացուցահենք, միջգիտակարգային և միջգերատեսչական համակարգի զարգացման վրա, ինչն էլ կնպաստի ռիսկերի կառավարման գործընթացի արդյունավետության մակարդակի բարձրացմանը:
7.4 Հայաստանը հետևողականորեն շարունակելու է ջանքեր գործադրել տեխնածին և տարերային աղետների ռիսկերի նվազեցման, արագ և նպատակաուղղված արձագանքման, հետևանքների կազմակերպված և արագ վերացման, արտակարգ իրավիճակներում բնակչության իրազեկվածության մակարդակի բարձրացման, աղետակայուն վերականգնման համակարգերի կատարելագործման ուղղություններով:
7.5 Պետության ներսում հանցավորության մակարդակի շարունակական նվազումը մեր առաջնային խնդիրներից է: Բռնությունից զերծ հանրության հայեցակարգը դիտարկելով որպես հասարակական համերաշխության կարևոր նախապայման՝ մենք հետամուտ ենք լինելու բռնության մշակույթի բացառմանը: Մենք հատուկ ուշադրություն ենք դարձնելու քրեական միջավայրի կողմից սահմանված ու ճանաչված հատուկ վարքագծի կանոնների՝ քրեական ենթամշակույթի տարածման կանխարգելմանը: Բռնությունը, այլատյացությունը և քրեական ենթամշակույթը տեղ չունեն մեր հասարակությունում:
7.6 Հայաստանը հետևողականորեն պայքարելու է օտարերկրյա պետությունների հատուկ ծառայությունների հետախուզական-քայքայիչ գործունեության, կազմակերպությունների և անհատների կողմից Հայաստանի ազգային շահերին վնաս հասցնող գործունեության, միջազգային ահաբեկչության և ծայրահեղականության այլ բռնի դրսևորումների, ներպետական և անդրազգային կազմակերպված հանցավորության, զենքի և ռազմամթերքի ապօրինի շրջանառության, անօրինական միգրացիայի, մարդկանց թրաֆիքինգի և փողերի լվացման դեմ: Մենք նաև ընդլայնելու և խորացնելու ենք միջազգային փոխգործակցությունը հանցավորության տարբեր դրսևորումների դեմ պայքարում:
7.7 Հայաստանն իր միգրացիոն քաղաքականության մեջ հավատարիմ է անձանց ազատ և անվտանգ տեղաշարժի ապահովման հանձնառությանը՝ միաժամանակ այն հավասարակշռելով երկրի ազգային անվտանգության ապահովման հետ: Մենք շարունակելու ենք քայլեր իրականացնել սահմանային անվտանգության ապահովման և սահմանների համալիր կառավարման արդյունավետության բարձրացման, մասնավորապես՝ ապօրինի սահմանահատումների կանխարգելման, անկանոն միգրացիայի դեպքերի արդյունավետ և մարդասիրական մոտեցմամբ կառավարման, ինչպես նաև ՀՀ քաղաքացիների անկանոն միգրացիայի կրճատման ուղղություններով: Պետությունը ներմուծելու է գործուն ընթացակարգեր՝ հանրային առողջության համար վտանգ ներկայացնող վարակների ներթափանցումը կանխարգելելու նպատակով: Հաշվի առնելով տարածաշրջանում ճգնաժամերի ծագման հնարավորությունները՝ մենք ձեռնամուխ ենք լինելու ռազմական գործողությունների կամ բնական աղետների դեպքում դեպի Հայաստան հնարավոր զանգվածային ներհոսքի կարգավորման և կառավարման հստակ ընթացակարգերի մշակմանը և փորձարկմանը:
7.8 Հայաստանը կատարելագործելու է զանգվածային ոչնչացման՝ միջուկային, քիմիական և կենսաբանական զենքի մշակման, տարածման և կիրառման կանխարգելման իր կարողությունները:
Բաց և անվտանգ տեղեկատվական և կիբեռտիրույթների ապահովում
7.9 Հայաստանի տեղեկատվական անվտանգության քաղաքականության հիմնական նպատակը անհատի, հասարակության և պետության շահերի հավասարակշռումն ու պաշտպանությունն է: Տեղեկատվական և կիբեռտիրույթներում մեր նպատակների իրագործման ճանապարհին մենք հիմնվում ենք մարդու իրավունքների ու ազատությունների և պետության ինքնիշխանության սկզբունքների վրա։ Հայաստանը բաց, փոխգործունակ, հուսալի և անվտանգ համացանցի ջատագով է:
7.10 Հայաստանի տեղեկատվական անվտանգությանը սպառնում են օտարերկրյա պետությունների, միջազգային ահաբեկչական կազմակերպությունների, հանցավոր խմբավորումների և անհատների կողմից Հայաստանի տարածքում գտնվող տեղեկատվական ռեսուրսների նկատմամբ կիբեռհարձակումները: Նոր և յուրահատուկ մարտահրավեր են մասնավոր կազմակերպություների կողմից, ինչպես նաև օտար պետությունների ֆինանսավորմամբ ուղղորդվող կիբեռհարձակումները, որոնք թիրախավորում են Հայաստանի կենսական նշանակության տեղեկատվական ենթակառուցվածքները և դրանց կառավարման միջոցները:
7.11 Ժամանակակից աշխարհում ավելի սուր դրսևորումներ են ստանում տեղեկատվական պատերազմները, որոնք ներառում են քարոզչության, մանիպուլյացիաների, կեղծ լուրերի և ապատեղեկատվության գործիքակազմ և հաճախ թիրախավորում են ժողովրդավարական արժեքները: Այս համատեքստում մենք աշխատելու ենք հանրային իրազեկվածության և մեդիագրագիտության մակարդակի բարձրացման ուղղությամբ՝ նպատակ ունենալով հզորացնել տեղեկատվական պատերազմներին հակազդելու հասարակության և պետության կարողությունները:
7.12 Առաջնային մարտահրավերներից են տեղեկատվական և կիբեռանվտանգության ոլորտը կարգավորող համապարփակ պետական քաղաքականության անկատարությունը, կենսական նշանակության տեղեկատվական ենթակառուցվածքների պաշտպանությունն ապահովող օրենսդրության բացակայությունը, համակարգչային պատահարների արձագանքման կառույցների ինստիտուցիոնալ կարողությունների ոչ բավարար մակարդակը և կիբեռանվտանգության ոլորտը համակարգող կառույցի բացակայությունը:
7.13 Տեղեկատվական, տեխնոլոգիական և կիբեռանվտանգության ապահովման ոլորտում մենք աշխատում ենք ինստիտուտների և գործընթացների արդյունավետության մակարդակի բարձրացման և ենթակառուցվածքների զարգացման ուղղությամբ: Հայաստանը հետամուտ է տեղեկատվական, տեխնոլոգիական և կիբեռանվտանգության պետական քաղաքականության և ռազմավարությունների մշակմանը, ինչպես նաև ոլորտի կառավարման համապետական մեխանիզմների ներդրմանը: Մենք զարգացնելու ենք կենսական նշանակության տեղեկատվական ենթակառուցվածքներ ու թվային ծառայություններ մատուցողների և պետության միջև փոխհարաբերությունների նորմատիվ-իրավական դաշտը, ինչի արդյունքում կձևավորվեն նաև կիբեռանվտանգության ազգային կենտրոն և համակարգչային պատահարների արձագանքման խմբեր:
7.14 Տեխնոլոգիական անվտանգության տեսանկյունից Հայաստանը հետամուտ է կենսական կարևոր ոլորտներում և ենթակառուցվածքներում օգտագործվող տեխնոլոգիաներից և տեխնոլոգիական բաղադրիչներից առաջացող խոցելիությունների չեզոքացմանը, օտար ծագման տեխնոլոգիաների ռիսկերի նվազեցմանը և ազգային տեխնոլոգիական հենքի զարգացմանը՝ այդ թվում նաև տեխնոլոգիաների մատակարարների հետ համագործակցության միջոցով:
7.15 Տեղեկատվական տիրույթում դիմակայունությունը բարձրացնելու համար մենք զարգացնելու են ազգային տեղեկատվական և կիբեռ կարողությունները՝ ռիսկերի արդյունավետ կառավարման, որակավորված մասնագիտական ներուժի ձևավորման, միջազգային ստանդարտների տեղայնացված ներդրման, թվային գրագիտության մակարդակի բարձրացման միջոցով:
7.16 Ոլորտի դերակատարների բազմազանության, տեղեկատվական տիրույթում միջազգային սահմանների բացակայության և պետության, հասարակության ու մասնավոր հատվածների միջև կարողությունների բաժանվածության պայմաններում առանցքային է հանրային, մասնավոր և միջազգային հատվածների միջև համագործակցության մակարդակի բարձրացումը, ինչին էլ հետամուտ է լինելու պետությունը:
Մրցունակ տնտեսության զարգացում և պարենային անվտանգության ապահովում
7.17 Հայաստանի տնտեսական անվտանգության ապահովման մեր առաջնահերթություններն են տնտեսության առաջանցիկ և բարձր տեխնոլոգիական զարգացումը, ներքին և արտաքին տնտեսական սպառնալիքների ու ցնցումների նկատմամբ դիմադրողականությունը, հարմարվողականությունը համաշխարհային տնտեսության արագ փոփոխվող միջավայրին, համաշխարհային շուկայում ազգային տնտեսության մրցունակությունը, տնտեսության և ֆինանսական համակարգի անխափան աշխատանքի կազմակերպման ու համակարգման մեխանիզմների մշակումը:
7.18 Մեր տնտեսական քաղաքականությունը շարունակելու է միտված լինել մակրոտնտեսական կայունությանը, շուկայական հարաբերություններով կարգավորվող ազատ տնտեսական մրցակցության ապահովմանը, ստվերային տնտեսության կրճատմանը, գործարար միջավայրի շարունակական բարելավմանը, օտարերկրյա ներդրումների ներգրավմանը, արտահանման խթանմանը, տնտեսության ճյուղերի բազմազանեցմանը, դրանց արտադրողականության և տեխնոլոգիական զինվածության բարձրացմանը:
7.19 Պետությունը շարունակելու է բարենպաստ պայմաններ ստեղծել ձեռնարկատիրական գործունեության համար: Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացի իր գործուն մասնակցությունը կարող է ունենալ տնտեսության զարգացման և սեփական բարեկեցությունը կերտելու մեջ: Պետությունը հատուկ ուշադրություն է դարձնելու հանրության շրջանում հարկային և մաքսային կամավոր կարգապահության արմատավորմանը, ինչպես նաև հարկային ու մաքսային վարչարարության կատարելագործմանը:
7.20 Պետությունը գործուն քայլեր է ձեռնարկելու բնակչության բոլոր խմբերի համար առողջապահական նորմերին համապատասխանող, բազմազանեցված սննդամթերքի ֆիզիկական ու տնտեսական մատչելիությունն ապահովելու ուղղությամբ: Մեր քաղաքականությունը միտված է պարենային անվտանգության համակարգի դիմակայունության մակարդակի բարձրացմանը:
7.21 Հայաստանը ջանքեր է ներդնելու ագրոպարենային համակարգի զարգացման և կարևորագույն պարենամթերքների հարցում ինքնաբավության մակարդակի բարձրացման ուղղությամբ՝ հողօգտագործման արդյունավետությունը բարձրացնելու, գյուղատնտեսության ոլորտի զարգացմանն աջակցելու և տեղական արտադրությանն օժանդակելու միջոցով:
7.22 Հայաստանը միջոցառումներ կիրականացնի ներկրման և արտահանման շուկաների բազմազանեցման, ինչպես նաև նյութական պահուստի ձևավորման և կառավարման արդյունավետ մեխանիզմների ներդրման, նյութական պահուստը սննդամթերքի կարևորագույն տեսակներով համալրման և դրանց ծավալների ավելացման ուղղությամբ՝ գործարկելով ոլորտում պետություն-մասնավոր հատված համագործակցության մեխանիզմներ:
7.23 Նյութական պահուստի արժեքների (հատուկ ապրանքների) համալրումն էական է Հայաստանի զորահավաքային կարիքներն ապահովելու, արտակարգ իրավիճակները կանխելու կամ դրանց առաջացման դեպքում հնարավոր հետևանքները նվազեցնելու ու վերացնելու, փրկարարական ու անհետաձգելի վթարավերականգնողական աշխատանքներ և քաղաքացիական պաշտպանության միջոցառումներ իրականացնելու համար, պարենային մատակարարման ժամանակավոր խափանումներին դիմակայելու, մարդասիրական օգնություն ցուցաբերելու համար:
Ինքնաբավ և կայուն էներգետիկ համակարգի կայացում
7.24 Հայաստանի էներգետիկ անկախության ու էներգետիկ անվտանգության ապահովումը մեր ռազմավարական առաջնահերթություններից է: Մենք ձգտելու ենք ինքնաբավ, արտահանմանը միտված, բարձր հուսալիությամբ և ժամանակակից տեխնոլոգիական հագեցվածությամբ զինված, արդիական ենթակառուցվածքներով էլեկտրաէներգետիկ համակարգի կայացմանը:
7.25 Մեր էներգետիկ քաղաքականությունը միտված է չեզոքացնելու ոլորտի առջև ծառացած սպառնալիքները. կախվածությունը հեղուկ և գազային վառելիքի ներկրումներից, տարանցիկ ենթակառուցվածքների հնարավոր խափանումները, Թուրքիայի և Ադրբեջանի կողմից իրականացվող տնտեսական շրջափակումը և տարածաշրջանային ծրագրերից Հայաստանին մեկուսացնելու փորձերը:
7.26 Հայաստանը կշարունակի աշխատել էներգակիրների մատակարարման եղանակների և ուղիների բազմազանեցման ուղղությամբ՝ գործընկեր պետությունների հետ էներգետիկ փոխգործակցությունը խորացնելու և էներգետիկ համակարգերն ինտեգրելու միջոցով:
7.27 Որպես հեռահար նպատակ՝ Հայաստանը նպատակաուղղված ջանքեր է գործադրելու տարածաշրջանային էլեկտրաէներգետիկ հանգույց դառնալու ուղղությամբ՝ կապելով հարևան երկրների էներգահամակարգերը և Եվրասիական տնտեսական միության ընդհանուր էլեկտրաէներգետիկ շուկան:
7.28 Էներգետիկ համակարգի զարգացման և բազմազանեցման ճանապարհին մենք հենվելու ենք տեղական առաջնային (վերականգնվող) էներգետիկ պաշարների` բնապահպանական բոլոր չափանիշներին համապատասխան, տնտեսապես արդյունավետ և ողջամիտ օգտագործման, էներգիայի ստացման և կուտակման այլընտրանքային տեխնոլոգիաների, էլեկտրաէներգիայի շուկայի ազատականացման, ինչպես նաև էներգաարդյունավետ ու էներգախնայող տեխնոլոգիաների ներդրման վրա:
7.29 Էներգետիկ անկախության և անվտանգության ապահովման համատեքստում մենք նաև հետամուտ ենք լինելու ատոմային էներգիայի խաղաղ նպատակներով զարգացմանը, մասնավորապես՝ Հայաստանում նոր միջուկային էներգաբլոկների կառուցմանը:
Հանրային բարեկեցության և ժողովրդագրական իրավիճակի բարելավում
7.30 Հայաստանն իր առջև խնդիր է դրել հասնել հանրային բարեկեցության և համերաշխության` սոցիալական քաղաքականության մարդակենտրոն լուծումների միջոցով:
7.31 Մենք հետամուտ ենք Հայաստանում ծայրահեղ աղքատության վերացմանը և աղքատության մակարդակի էական նվազեցմանը, քաղաքացիների բարեկեցության բարձրացմանը՝ սոցիալական պաշտպանության ոլորտի կառուցվածքային բարեփոխումների և սոցիալական իրավունքների իրացման արդյունավետ համակարգի ստեղծման միջոցով:
7.32 Սոցիալական անվտանգության ապահովման ճանապարհին Հայաստանը քայլեր է ձեռնարկելու գործազրկության ծավալները կրճատելու, բնակչության կայուն և ժամանակավոր զբաղվածությունն ապահովելու, զբաղվածության միջոցով կյանքի որակը բարձրացնելու, միջին խավն ընդլայնելու ուղղություններով:
7.33 Մենք հանձնառու ենք սոցիալական տարբեր խմբերի համար հավասար հնարավորությունների և սոցիալական ու տնտեսական ներառականության ապահովմանը, այդ թվում՝ արժանապատիվ ծերության, կանանց և տղամարդկանց իրավահավասարության ապահովմանն ու բռնության կանխարգելմանը, երեխաների և հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների ու շահերի արդյունավետ պաշտպանությանը:
7.34 Ժողովրդագրությունը համարելով առաջանցիկ զարգացման և անվտանգության ապահովման առանցքային բաղադրիչ՝ Հայաստանն իր առջև նպատակ է դրել կայունացնել բնակչության թվաքանակը և նախադրյալներ ստեղծել ժողովրդագրական աճի համար։
7.35 Հայաստանը հստակ քայլեր է ձեռնարկելու ինչպես ծնելիությունը, այնպես էլ հայրենադարձությունը խրախուսելու ուղղությամբ՝ բարեկեցիկ և արժանապատիվ կյանքի պայմաններ ապահովելու, պետության կողմից տրամադրվող աջակցության համակարգը կատարելագործելու միջոցներով:
Մտավոր ներուժի ներգրավում բարձր տեխնոլոգիական և
ռազմական արդյունաբերության ոլորտներ
7.36 Հայաստանը վարում է մտավոր ներուժի հզորացմանն ուղղված պետական քաղաքականություն, ինչը միտված է երկրի անվտանգային համակարգի դիմակայունության բարձրացմանը և երկրի առաջանցիկ զարգացմանը: Գիտական ներուժի բազմակողմանի ներգրավումը կենսագործունեության բոլոր` այդ թվում պաշտպանական ոլորտներ թույլ կտա ապահովել դրա արդյունավետ արդիականացման և զարգացման շարունակականությունը:
7.37 Այս համատեքստում մենք կարևորելու ենք պետության հոգածության տակ գտնվող գիտակրթական համակարգի դերը Հայաստանի՝ որպես բարձր տեխնոլոգիական կենտրոնի զարգացման գործում: Գիտակրթական համակարգի վերակառուցումը այլ նպատակներից զատ մեզ թույլ կտա նաև ստեղծել երկակի նշանակության բարձր տեխնոլոգիական հետազոտություններում գերազանցությունը խթանող, ինչպես նաև երկրի տնտեսության մրցունակության բարձրացմանը, անվտանգության ապահովմանը նպաստող համակարգ:
7.38 Առանցքային է կրթության և գիտության ոլորտի ռազմավարական առաջնահերթությունների սահմանումը, դրանց օրգանական կապի ապահովումը պետական և մասնավոր կարիքների, ինչպես նաև համաշխարհային զարգացման միտումների հետ: Բարձր տեխնոլոգիական ոլորտում պետական, ինչպես նաև մասնավոր և օտարերկրյա ներդրումների ներգրավման փոխշահավետ մեխանիզմների մշակմամբ պետությունը աջակցելու է բարձր տեխնոլոգիական հայկական արտադրանքի ստեղծմանը և իրացմանը Հայաստանում և արտերկրում։
7.39 Հայաստանի համար ռազմավարական առաջնայնություն է ռազմարդյունաբերական համալիրի՝ որպես զինված ուժերի հզորությունների շարունակական ընդլայնման, տնտեսական աճի, գիտական և տեխնոլոգիական առաջընթացի առանցքային գործոնի զարգացումը: Այս ուղղությամբ մենք շեշտը դնելու ենք ռազմարդյունաբերության ոլորտում պետական ներդրումների և պատվերների կատարման ու մասնավոր ներդրումների խրախուսման, ռազմարդյունաբերական համալիրի արտադրանքի բազմազանեցման և ծավալների ավելացման, ռազմարդյունաբերության ոլորտում նորագույն ու բարձր տեխնոլոգիաների խորը ներթափանցման վրա: Սա թույլ կտա նվազեցնել Հայաստանի կախվածությունը սպառազինության և ռազմական տեխնիկայի ներկրումներից, ինչպես նաև կտրուկ բարձրացնել հայրենական արտադրության ռազմական և բարձր տեխնոլոգիական ապրանքների մրցունակությունը միջազգային շուկայում:
Հանրային առողջության և կենսանվտանգության բարելավում
7.40 Հայաստանի առողջապահական քաղաքականությունը միտված է անհատի և հանրության առողջության պահպանմանը, ամրապնդմանը և բարելավմանը: Այս նպատակի իրագործման ճանապարհին մենք շարունակելու ենք շեշտը դնել հիվանդությունների կանխարգելման, հաշմանդամության և մահացության ցուցանիշների նվազեցման, ժամանակակից բժշկագիտության վերջին նվաճումների ներդրմամբ առողջապահական համակարգի կատարելագործման, առողջապահական ծառայությունների որակի բարելավման և մատչելիության ապահովման, հանրության շրջանում առողջ ապրելակերպի խթանման և հանրային առողջության վերաբերյալ իրազեկվածության մակարդակի բարձրացման վրա:
7.41 Հանրային առողջության ապահովման և Հայաստանը բարձր տեխնոլոգիական արդյունաբերական երկիր դարձնելու համատեքստում մենք խրախուսելու ենք առողջապահության ոլորտում բարձր տեխնոլոգիական հայրենական արտադրանքի թողարկումը և արտահանումը։
7.42 Մենք կշարունակենք զարգացնել և ընդլայնել համապարփակ բժշկական ապահովագրության ինստիտուտը, ինչն առավել արդյունավետ և հասանելի կդարձնի առողջապահական ծառայությունները:
7.43 Հանրային առողջության ապահովման համատեքստում մենք շարունակելու ենք կարևորել առավել տարածված ոչ վարակիչ հիվանդությունների կանխարգելումը, վաղ հայտնաբերումը և բուժումը, վարակիչ հիվանդությունների բռնկումների և համաճարակների կանխարգելումը, նոր և վերադարձող հիվանդությունների, ինչպես նաև կառավարելի վարակիչ հիվանդությունների կանխարգելումը իմունականխարգելման ազգային ծրագրով ամրագրված պատվաստումների իրականացման և պատվաստումների վերաբերյալ ապատեղեկատվության տարածման դեմ պայքարի միջոցով:
7.44 Հայաստանը հզորացնելու է իր կարողությունները ճառագայթային, քիմիական և կենսաբանական գործոններով պայմանավորված արտակարգ իրավիճակների կանխարգելման և այդ իրավիճակներին հակազդելու ուղղություններով:
7.45 Մենք հատուկ ուշադրություն ենք դարձնելու մայրերի ու մանուկների պաշտպանությանը, մանկական մահացության ցուցանիշների շարունակական նվազեցմանը և ծնելիության աճի խթանմանը:
7.46 Մենք կարևորում ենք անհատի, հասարակության, պետության կենսանվտանգության ապահովումը, ինչպես նաև կենդանական աշխարհի և շրջակա միջավայրի պաշտպանությունը կենսաբանական վտանգավոր գործոնների ազդեցությունից:
7.47 Բնակչության կենսաբանական անվտանգությունն ապահովելու նպատակով Հայաստանն իրականացնելու է միասնական պետական քաղաքականություն: Մենք ամրապնդելու ենք կենսաբանական վտանգների ու սպառնալիքների կանխարգելման, համաճարակների դեմ պայքարի, ռիսկերի կառավարման ու արձագանքման գործողությունների համակարգային կառավարման մեխանիզմները, ինչպես նաև զարգացնելու ենք ռեֆերենս լաբորատորիաների և անձնակազմերի մասնագիտական կարողությունները:
7.48 Մենք շարունակելու ենք միջազգային համագործակցությունը կենսանվտանգության և կենսապահովման ոլորտում ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափով՝ շեշտը դնելով գործընկերային հավասար և համաչափ հարաբերությունների զարգացման վրա և ամրապնդելով ոլորտում Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունը։
Շրջակա միջավայրի վերականգնում, պահպանություն և բարելավում
7.49 Շրջակա միջավայրի պահպանությունը և բնական ռեսուրսների արդյունավետ կառավարումը Հայաստանի բնականոն կենսագործունեության և ազգային անվտանգության ապահովման կարևորագույն օղակներից են: Հայաստանը շրջակա միջավայրի կառավարման իր քաղաքականությունը հավասարակշռում է սոցիալական արդարության և տնտեսական արդյունավետության հետ:
7.50 Մենք հանձնառու ենք Սևանա լճի՝ որպես Հայաստանի ջրային ռեսուրսների ռազմավարական պաշարի էկոհամակարգի վերականգնմանը և պահպանմանը, ինչպես նաև ջրային ռեսուրսների՝ այդ թվում Արարատյան արտեզյան ավազանի և գետային էկոհամակարգերի արդյունավետ կառավարմանը, կենսական նշանակության ջրհավաք ավազանների ու գերխոնավ տարածքների պահպանմանը:
7.51 Մենք գործուն քայլեր ենք իրականացնելու բուսական և կենդանական աշխարհի, անտառների և բնության հատուկ պահպանվող տարածքների կայուն կառավարման և ընդլայնման, ինչպես նաև երկրի հողային ծածկույթի դեգրադացման ծավալների կրճատման ու անապատացման դեմ պայքարի ուղղություններով: Մեր առաջնահերթությունների թվում են բնական պաշարների ողջամիտ օգտագործումը, ընդերքօգտագործման հետևանքով խախտված տարածքների ռեկուլտիվացիոն աշխատանքների իրականացումը և պոչամբարների անվտանգությունը, ինչպես նաև կենսաբազմազանության պահպանությունն ու կենսանվտանգության ապահովումը:
7.52 Շրջակա միջավայրի անվտանգության ապահովման նպատակով մենք կատարելագործելու ենք ռադիոակտիվ, քիմիական և կենսաբանական վտանգավոր թափոնների կառավարման համակարգը, ստեղծելու ենք քիմիական նյութերի անվտանգ կառավարման համակարգ։
7.53 Հայաստանը մտադիր է մշակել և իրականացնել կանաչ տնտեսության ներդրմանն ուղղված քաղաքականություն, զարգացնել լավագույն հասանելի տեխնոլոգիաներ և էկոլոգիապես մաքուր արտադրություններ, ներդնել և կիրարկել գիտահենք և ռիսկերի գնահատման վրա հիմնված մշտադիտարկման համակարգ:
7.54 Ոլորտում մեր առաջնահերթություններից են հասարակության իրազեկվածության բարձրացումը և էկոլոգիական գիտակցության արմատավորումը, ինչպես նաև էկոլոգիական կրթության համակարգի ներդրման ապահովումը։
7.55 Մենք կարևորում ենք միջազգային համագործակցությունը շրջակա միջավայրի պահպանության և բնական ռեսուրսների օգտագործման ոլորտում՝ հատկապես կլիմայի գլոբալ փոփոխության բացասական հետևանքները մեղմելու և հարմարվողականության, դիմակայունության բարձրացման գործընթացների ապահովման, այդ թվում՝ ընդերքօգտագործման հետևանքով խախտված տարածքների նվազեցման, կենսաբազմազանության կորստի, բնական միջավայրերի դեգրադացման կանխարգելման, մթնոլորտային օդի աղտոտվածության մակարդակի նվազեցման ուղղություններով:
(շարունակելի)