Ֆրանսիայի մայրաքաղաքում Paris Plages նախագծի շրջանակում բացվել է լողացող կինոթատրոն: Հաշվի առնելով կորոնավիրուսային վարակի երկրորդ ալիքի վերաբերյալ անհանգստությունը՝ շատերը դա լավ այլընտրանք են համարում փակ կինոթատրոններին:
Սենայի ափերին գտնվող լողափերը բացվում են ամեն տարի ամառային արձակուրդների ընթացքում, որպեսզի Փարիզում մնացած մարդիկ և զբոսաշրջիկները կարողանան հանգստանալ և զվարճանալ:
Այս անգամ դրանք հանգստացողներին գրավել են նոր մտահղացմամբ: Հանգստյան օրերին հանդիսատեսները ֆրանսիացի ռեժիսոր Ժիլ Լելուշի «Չխորտակվողները» կատակերգությունը դիտել են գետի վրա գտնվող երկու կամ երեք տեղանոց նավակների և ափում տեղադրված նստարանների վրա նստած՝ պահպանելով, իհարկե, սոցիալական հեռավորությունը: