ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է, որ Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի վերաբերյալ իր գրառումից 10 ժամ անց կատարվել է շուրջ 1000 փոխանցում:
«10 ժամ առաջ կատարեցի հետեւյալ գրառումը. «Սիրելի հայրենակիցներ, քանի որ այս օրերին բազմաթիվ նամակներ ենք ստանում, զանգեր, որոնց հեղինակ մեր հայրենակիցները հետաքրքրվում են, թե ինչպես կարող են մեր բանակին ֆինանսական աջակցություն ցուցաբերել, տեղեկացնում եմ, որ նման ցանկություն ունեցող մեր հայրենակիցները իրենց նվիրատվությունները կարող են փոխանցել Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին: Նվիրատվությունները կարելի է կատարել օնլայն եղանակով՝ ստորև հղված կայքի միջոցով:
Խնդրում եմ նաև ձեռնպահ մնալ բանակի համար որեւէ գույք ձեռքբերելու նախաձեռնությունից: Այդ գույքի համար ծախսվելիք գումարը պարզապես փոխանցեք Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին, որի գործունեությունը լիարժեք թափանցիկ է, և գտնվում է օրենքով նախատեսված վերահսկողության ներքո»:
Այդ պահից մինչև հիմա կատարվել է շուրջ 1000 փոխանցում, ինչը նշանակում է, որ 40 վայրկյանը մեկ փոխանցում է արվել Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին»,- գրել է վարչապետը։