ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմինը մշտադիտարկում և կրկնայցեր է իրականացրել Երևան քաղաքի Նոր Նորք վարչական շրջանում: Նշենք, որ տեսչական մարմինն առևտրի կենտրոններում, տոնավաճառներում, շինարարական խանութներում, հեղուկ վառելիքի, սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազերի մանրածախ առևտրի կետերում հակահամաճարակային նորմերի պահպանման առնչությամբ մշտադիտարկումներն իրականացնում է պարետի՝ մայիսի 3-ի N 63 որոշման համաձայն:
Նոր Նորք վարչական շրջանի մի քանի տնտեսավարողների մոտ դիտարկվել են թերություններ, որոնք տեղում շտկվել են: Շինանյութի խանութներից մեկում բացակայել է ջերմաչափման գրանցամատյանը, սոցիալական հեռավորություն պահպանելու համար արվող գծանշումները և դիմակների ու ձեռնոցների համար նախատեսված հատուկ փակ աղբամանը:
Դիտարկված խախտումների վերաբերյալ կազմվում են արձանագրություններ, որոնք ներկայացվում են պարետատուն: Տեսչական մարմինը շարունակում է մշտադիտարկում իրականացնել ՀՀ ողջ տարածքում: