ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանն այցելել է Տավուշի մարզի սահմանամերձ համայնքներ։ Իջևանի տեղեկատվական կենտրոնում լրագրողների հետ հանդիպմանը նախարարն ասաց, որ քննարկվում է դասերը սեպտեմբերից սկսելու հավանականությունը և դիտարկել է համայքների կրթական հաստատություններում ապաստարանների վիճակը։
«Կորոնավիրուսի իրավիճակով պայմանավորված՝ սահմանամերձ մարզում կարևոր էր տեղեկանալ կրթական հաստատությունների իրավիճակին, այս փուլում գումարվել էր նաև ռազմական իրավիճակը։ Մեզ հետաքրքրում էր նաև, թե անվտանգության տեսանկյունից ինչպե՞ս են պատրաստված դպրոցներն ու մանկապարտեզները, կա՞ն արդյոք ապաստարաններ։ Տեսանք, որ Ներքին Կարմիրաղբյուրում, Այգեպարում, Մովսեսում, Բերդում ապաստարաններ կան, դրանք պարզապես պետք է բերվեն պատշաճ վիճակի և մինչև սեպտեմբեր այլ համայնքներում նույնպես կլինի պատրաստություն։ Աստված չանի, եթե նորից հակառակորդը խախտի հրադադարը, ռազմական իրավիճակների կամ հրետակոծության ժամանակ երեխաներն ապահով են լինելու», - ասաց նախարարը։
Հարությունյանը տեղեկացրեց, որ հակառակորդը թիրախավորել էր նաև կրթական հաստատությունները, մի շարք համայնքերում վնասվել են շենքեր։ ԿԳՄՍ նախարարությունը դիմումներ է ուղարկել միջազգային կառույցներին, ինչես նաև՝ ՅՈՒՆԵՍԿՕ։ Հրավիրել է բոլորի ուշադրությունը այն հանգամանքի վրա, որ Ադրբեջանը խախտել է միջազգային մի շարք կոնվենցիաներ՝ կրթական իրավունքի և կյանքի իրավունքի։ Նախարարը կոչ է արել համապատասխան բոլոր միջազգային կառույցներին՝ միանալ այս անթույլատրելի իրավիճակի դեմ պայքարին։