Իսպանիայում ՀՀ դեսպան Վլադիմիր Կամիրշալյանը Իսպանիայի Ազգային ռադիոյի հետ զրույցում ներկայացրել է ադրբեջանական ագրեսիայի հետևանքով ՀՀ պետական սահմանին ստեղծված լարված իրադրությունը:
«Հուլիսի 12-ից մինչ օրս Ադրբեջանը խախտում է 1994թ. ստորագրված հրադադարի ռեժիմը՝ միտված Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանը: Գործողությունները սկսվեցին ադրբեջանական ուժերի փորձերով՝ ներխուժելու Հայաստանի Հանրապետության տարածք Տավուշի մարզով, որտեղ թիրախավորվեցին այդ թվում՝ հայկական Մովսես, Բերդ, Չինարի, Այգեպար գյուղերը: Բացի զինվորական մեքենայով Հայաստանի սահմանը հատելու անհաջող փորձից, որը կասեցվեց հայկական ուժերի կողմից, ադրբեջանական ուժերը կիրառեցին հրանոթ»,- ասել է Վ. Կամիրշալյանը:
ՀՀ դեսպանը մատնանշել է այն հանգամանքը, որ Ադրբեջանը թիրախավորել է Հայաստանի խաղաղ բնակչությանը և քաղաքացիական օբյեկտներն ու ենթակառուցվածքները.
«Հայաստանի տարածք ներթափանցելու երկրորդ փորձից հետո, որը ևս հետ շպրպեց պաշտպանական ուժերի կողմից, ադրբեջանական ուժերը թիրախավորեցին Չինարի գյուղը: ՀՀ պաշտպանության նախարարության հաղորդագրության համաձայն՝ խաղաղ բնակչության շրջանում զոհեր չկան՝ չնայած գյուղերի և բնակիչների կրած նյութական վնասներին: Երկու-երեք ժամ դադարից հետո Ադրբեջանը վերսկսեց սադրիչ գործողությունները՝ հրետակոծելով հայկական դիրքերը: ՀՀ ԱԳ նախարարությունը խստորեն դատապարտել է Տավուշի ուղղությամբ Ադրբեջանի սանձազերծած գործողությունները:
Դրանք ավելի ուշ վերսկսվել են: Ադրբեջանական ուժերը վերսկսել են հարձակումը հուլիսի 16-ին: Ինտենսիվ բախումներից և կարճ դադարներից հետո, որոնք տևել են մի քանի ժամ, հրետակոծվել են Չինարի գյուղը, որտեղ ավերվել է հրուշակեղենի խանութ, Այգեպարը, որտեղ ավերվել է մանկապարտեզ, և Մովսեսը: Ի պատասխան՝ հայկական կողմը խոցել է ադրբեջանական տանկ և հրետանային մարտկոց:
Ասեմ ավելին, Ադրբեջանը շրջապատել է սեփական բնակչությանը հրետանային մարտկոցներով՝ դարձնելով հարվածի թիրախ»:
Պատասխանելով Ղարաբաղյան հակամարտության հարցում ՀՀ դիրքորոշմանը՝ դեսպան Կամիրշալյանը նշել է, որ Ղարաբաղի ժողովուրդը պայքարում է իր անքննելի ինքնորոշման իրավունքի լիարժեք իրացման համար՝ ՄԱԿ-ի Կանոնադրության և միջազգային իրավունքի այլ հիմնարար փաստաթղթերի դրությաներին համապատասխան:
«Արցախի ժողովուրդն ապացուցել է գոյության իր իրավունքը դարերի համառ պայքարի միջոցով: Այն երբեք անկախ Ադրբեջանի մաս չի կազմել: «Ադրբեջան» կոչվող նոր տարածքային կազմավորումը հայտնվել է Կովկասի քաղաքական քարտեզի վրա միայն Ռուսական կայսրության անկումից հետո՝ 1918թ.: Ուստի պնդումները, թե Ղարաբաղը պատկանել է Ադրբեջանին մինչև 1918թ. բացարձակ տեղին չեն, քանի որ մինչ այդ նման պետություն գոյություն չի ունեցել: Իսկ ԽՍՀՄ փլուզման պահին գոյություն են ունեցել երկու քաղաքական միավոր՝ Ադրբեջանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունը և Լեռնային Ղարաբաղը»:
Անդրադառնալով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափին՝ դեսպանը նշել է, որ այն խնդրի խաղաղ կարգավորման մանդատ ունեցող միակ կառույցն է: «Ցավոք, մինչ օրս Ադրբեջանը անընդհատ մերժում է հակամարտության խաղաղ կարգավորման և փոխվստահության միջոցների ներդրման ցանկացած առաջարկ: Հայ-ադրբեջանական սահմանի և ղարաբաղա-ադրբեջանական շփման գծի շրջանում սրացումներով Ադրբեջանը խախտում է իր ստանձնած միջազգային պարտավորությունները»-հավելել է դեսպանը: Նա նշել է, որ ուժի և ուժի սպառնալիքի կիրառմամբ Ադրբեջանը խախտում է ոչ միայն ՄԱԿ-ի Կանոնադրության և Հելսինկիի եզրափակիչ ակտի դրույթները, այլև հրադադարի եռակողմ համաձայնագիրը:
«Կցանկանայի վերահաստատել Լեռնային Ղարաբաղի հակամարտության բացառապես խաղաղ կարգավորման վերաբերյալ Հայաստանի հանձնառությունը և նշել, որ շատ կարևոր է, որ բանակցությունների մասնակցեն նաև ԼՂ իշխանությունները՝ ընտրված ժողովրդավարական ճանապարհով իրենց ժողովրդի կողմից, որ պայքարում է իր երկրի միջազգային ճանաչման համար»,- ասել է Կամիրշալյանը:
Անդրադառնալով միջազգային հանրությանը՝ դեսպանը նշել է, որ սահմանային էսկալացիան անհանգստացնում է տարածաշրջանի պետություններին. այն քննարկելու համար ՀԱՊԿ Գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը ՀԱՊԿ Մշտական խորհրդի նիստ է գումարել, Մինսկի խմբի համանախագահ երկրներն իրավիճակի կայունացման կոչերով են հանդես եկել, իսկ շատ երկրների խորհրդարանականներ, ինչպես ԱՄՆ, Ֆրանսիա, Իտալիա, Իսպանիա, Կիպրոս և այլն, հանդես են եկել Հայաստանին աջակցող հայտարարություններով:
«Իսկ Թուրքիայի ԱԳ նախարարությունն ամբողջական աջակցություն է հայտնել Ադրբեջանին և արդարացրել վերջինիս կողմից Հայաստանի ուժի սպառնալիքի կիրառումը: Թուրքիայի սադրիչ գործողությունները վկայում են այն մասին, որ Թուրքիան հանդես է գալիս ոչ թե որպես ՄԽ անդամ երկիր, այլ Ղարաբաղյան հակամարտության մեջ ներգրավված պետություն: Սա անհնար է դարձնում Թուրքիայի մասնակցությունը Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացին որևէ ձևաչաձով, մասնավորապես՝ ԵԱՀԿ շրջանակներում»,- մատնանշել է դեսպանը:
Վերջում Կամիրշալյանը նշել է. «Ադրբեջանը, չբավարարվելով հրադադարի խախտումներով, Հայաստանին սպառնացել է միջուկային հանցագործությամբ՝ հարվածել Մեծամորի ատոմակայանին: Հայաստանը երբեք չի հայտարարել քաղաքացիական ենթակառուցվածքներին, այդ թվում՝ Մինգեչաուի ջրամբարին հարվածելու մտադրության մասին, իսկ բանակը երբեք չի թիրախավորել քաղաքացիական օբյեկտները»: