Ուկրաինայի խորհրդարանի արդեն երրորդ պատգամավորն է քննադատել ԱԳՆ-ի ադրբեջանամետ հայտարարությունը: Ինչպես տեղեկացնում է AnalitikaUA.net-ը, Ուկրաինայի պատգամավորական ընկերախմբի ղեկավար Արտյոմ Դմիտրուկն անխոհեմ է անվանել երկրի ԱԳՆ-ի հայտարարությունը հայ-ադրբեջանական հակամարտության մասին:
« Ուկրաինայի արտաքին գործերի նախարարության գործողություններն ու հայտարարությունները հայ-ադրբեջանական հակամարտության վերաբերյալ, համարում եմ բացարձակ անխոհեմ եւ չմտածված»,-հայտարարել է Դմիտրուկը instagram-ում:
«Տասնամյակներ շարունակ կառուցվող դիվանագիտական հարաբերությունները կարող են քայքայվել ինչ-որ պաշտոնյայի, ընդամենը մեկ հայտարարության արդյունքում: Եվ նախքան ինչ-որ բան ասելը պետք է հարյուր անգամ մտածել բառերի հետեւանքների մասին:
ԱԳ նախարարությանը կցանկանայի հիշեցնել իր աշխատանքի առաջնային եւ հիմնական խնդիրը՝ Ուկրաինայի իմիջի, հեղինակության, ինչպես նաեւ այլ երկրների հետ ընկերական եւ գործընկերային հարաբերություններ կառուցելն է և ոչ հակառակը:
Նախօրեին Ուկրաինայի ԱԳՆ հայտարարությունը կտրուկ քննադատել էին Ուկրաինայի Գերագույն ռադայի երկու պատգամավոր Դարյա Վոլոդինան և Անտոն Պոլյակովը, իսկ Ուկրաինայի Հայերի միությունն իր ուղերձում Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանին տեղի ունեցած վերջին իրադարձությունների վերաբերյալ Ուկրաինայի ԱԳՆ արտահայտություններն անվանել է չհիմնավորված եւ անհասկանալի:
Հիշեցնենք, ավելի վաղ Ուկրաինայի ԱԳՆ-ն հանդես էր եկել ի աջակցություն Ադրբեջանի տարածքային ամբողջականության՝ չնայած նոր բախումը նախաձեռնել էր հենց Ադրբեջանը, ընդ որում՝ ղարաբաղյան հակամարտության գոտուց դուրս: